Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա անքաղաքավարությունը, որ կոպտության էր հասնոււմ, սաստիկ վիրավորեց ինձ։ Ասլանը ոչինչ չպատասխանեց։ Պատասխանեց վարպետ Փանոսը իր սովորական ծիծաղով։

— Օրհնա՜ծ, ո՞ւր գնանք, ամբողջ ժամ սպասում էինք այստեղ, ոչ տան տեր էր երևում և ոչ տան տիրուհի, որ մեզ մի տեղ ցույց տար։

— Այդ մարդիկը, ասենք թե, օտարներ են, դու խո իմ տան բոլոր ծակուծուկը գիտես, ինչո՞ւ չէիր տեղ ցույց տալիս։— Նա դարձավ դեպի մեզ ասելով,— եկեք։

Նա տարավ մեզ մի երեսը բաց սրահ (էյվան), որ նայում էր դեպի պարտեզը։ Սրահի բաց կողմը բաժանված էր պարտեզից փայտյա վանդակապատով, իսկ նրա միջից բացվում էր մի դուռ դեպի մյուս սենյակները։ Սրահը տան ամառային կեցության համար էր։

— Աղջի, Ծովինար, ո՞ւր ես,— ձայն տվեց նա։

Սենյակի դուռը բացվեցավ և ներսից հայտնվեցավ մի գեղեցիկ աղջիկ, տասնչորս տարեկան, որի արախչինը ամբողջապես ծածկված էր արծաթյա և ոսկյա դրամներով, և թասի ձև էր ստացել։ Արախչինի տակից սփռված էին նրա թիկունքի վրա, առանց հյուսերի, արձակ ծամերը և կիսով չափ սքողում էին նրա թուխ դեմքը։ Աղջիկը ավելի քաղաքավարի գտնվեցավ, քան թե հայրը, երբ որ տեսավ մեզ, հեռվից գլուխ տվեց և լուռ կանգնեց, սպասելով հոր հրամանին։

— Բեր այստեղ մի շոր քցիր, որ այդ մարդիկը նստեն,— ասաց հայրը։

Աղջիկը շուտով ջուր բերեց, ճարպիկ մատներով սրսկեց սրահի կավով ծեփած հատակի վրա, հետո տարածեց եղեգներից հյուսած ընդարձակ հասիրը, իսկ նրա վրա մի քանի նախշուն կապերտներ։ Մենք կանգնած սպասում էինք, մինչև նա իր դսրձը վերջացնե։

— Մի մինդար էլ բեր այդ պարոնի համար,— նա ցույց տվեց Ասլանի վրա,— այդ պարոնը ֆրանկ է, նրա տեղը պետք է փափուկ լինի, իսկ մենք չոր գետնի վրա էլ սովոր ենք նստել։

Աղջիկը ներս վազեց, բերեց մինդարը, տարածեց իր պատշաճավոր տեղում։ Ասլանը նստեց, իսկ ես ոտքի վրա կանգնած մնացի։

— Դու ինչո՞ւ այդպես ցցված մնացիր, կարծես փայտ է կուլ տվել, նստել չէ կարող,— ասաց մեր հյուրընկալը, և տեսնելով,