Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ես փոքր-ինչ ծանր շարժվեցա, բռնեց իմ ուսից և իր ձեռքի երկաթի ծանրությամբ համարյա թե ինձ թխեց կապերտի վրա։

Ես չգիտեի ինչպես ընդունել այդ վայրենի փաղաքշանքը։ Ես սաստիկ բարկացա, մանավանդ երբ տեսա, որ սիրուն, աղջիկը ձեռքով աչքերը բռնեց և ծիծաղելով փախավ մյուս սենյակը։ Ես իմ մտքում արդեն սկսել էի տրտնջալ վարպետ Փանոսի վրա։ Ինչո՞ւ այստեղ բերեց մեզ, մի՞թե ամբողջ գյուղում մի օրինավոր տուն չկար։ Բայց Ասլանի դեմքի վրա դժգոհության նշաններ չէին երևում։

— Աղջի՛,— դարձյալ ձայն տվեց նա,— մի բան պատրաստեցեք դրանք ուտեն, ճանապարհից են գալիս, քաղցած կլինեն։

Նրա ձայնը ավելի որոտում էր, քան թե խոսում էր։

— Ճանապարհից եկած հյուրերի նախ ձիերին են կերակրում,— նկատեց վարպետ Փանոսը։

— Այդ որ իմանում ես, դե՛ վեր կաց, ահա՛ այնտեղ խոտ է դրած, տար ածիր ձիերի առջևը,— պատասխանեց նա խոտի դեզը ցույց տալով: Տեսնում ես, որ ծառաները տանը չեն։

Վարպետ Փանոսը գնաց ձիերին ճարակ տալու: Նա դարձավ դեպի Ասլանը.

— Զարմանալի մարդիկ են այդ քաղաքացի կոչվածները, սովորել են միշտ գյուղացուն բանեցնել, իսկ իրանք հանգիստ նստել։

Մեր հյուրընկալին կոչում էին Բերզեն-Օղլի, որ նշանակում է հույնի որդի։ Նա ազգով հայ էր և նույն գյուղացի, բայց երկար Ժամանակ Հունաստանում ապրելով, և Բալկանյան թերակղզու վրա թափառելով, այդպիսի անուն էր ստացել: Տեսնելով նրան, ես մտաբերում էի «Գժին», բայց բարեսիրտ, սրտաբաց և ուղղախոս քահանայի և կոպիտ նավավարի մեջ այն զանազանությունը միայն կար, որ վերջինս սաստիկ մաղձոտ և դառնացած էր երևում ինձ։ Գուցե աստանդական կյանքը, անհաջողությունները և ինձ անհայտ հանգամանքներ՝ նրա բնավորությանը տվել էին այդպիսի կոշտ, կոպիտ և մթին հատկություններ: Մի՞թե ծովի, գեղածիծաղ ալիքների, լուսընկա գիշերների հետ միշտ գործ ունեցող մարդը, կարող էր այդպես մաղձոտ լինել...

— Դուք եղա՞ք Մոնտենեգրոյում,— հարցրեց Ասլանը:

— Եղա և՛ Մոնտենեգրոյում, և՛ Սերբիայում, և՛ Բոլգարիայում... ամեն տեղ եղա...— պատասխանեց նա տխուր կերպով։

Ասլանը ժպտաց։