Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


համեցեք չէին անում, որովհետև նրա անմաքուր շրթունքը կարող էր պղծել չիբուխը։

— Ո՛վ ուղղափառների սուրբերից ամենասուրբը, մեկ խնդիրք ունեմ,— ասաց վերջապես մելիքը բացականչական եղանակով։

Քրիստոնյա մելիքի այս եղանակով դիմելը պարսից կրոնավորին, բավական հաճոյական երևեցավ նրան, և ընդհատելով իր խոսակցությունը դերվիշի հետ, հարցրեց.

— Ի՞նչ եք հրամայում։

— Քանի գիշեր է,— պատասխանեց մելիքը,— ինձ անհանգստացնում է մի երազ, հենց որ պառկում եմ, միշտ միևնույն երազն եմ տեսնում։ Այդ երազի մեկնությունը ոչ ոք կարող է տալ ինձ, բացի ուղղափառների սուրբից, որի մոտ պահված են բոլոր գիտությունները, բոլոր երևելի և աներևույթ էակների գաղտնիքները։ Եթե ձեր սրբությունը կբարեհաճի, ես կպատմեմ իմ երազը:

Իմամը թույլ տվեց նրան պատմել, համեստությամբ հայտնելով, թե ինքը գիտության անսահման օվկիանոսից մի քանի կաթիլի միայն արժանացած է, բայց աստուծո և մարգարեի օգնությամբ կաշխատե նրան բավականացուցիչ բացատրություններ տալ։

Մելիքը շարունակեց.

— Ինձ երևում էր, թե գտնվում եմ մի դրախտի[1] մեջ, որ զարդարած էր մշտականաչ ծառերով։ Որքան նայում էի, վերջ և սահման չուներ այդ դրախտը։ Որպես ծառերը, որպես ծաղիկները, այնպես էլ մարդիկը այնտեղ վալելում էին հավիտենական մանկություն։ Ծերությունը, մահը և այն բոլոր չարիքները, որ ապականում են մարդու կյանքը, այնտեղ գոյություն չունեին։ Այնտեղ թագավորում էր անթառամ, անվերջ կյանք միայն։ Տդամարդիկը նստած էին տերևախիտ արմավենիների հովանու տակ, գոհարներով զարդարած օթոցների վրա, և թիկն էին տված մախմուռե բարձերին։ Ամեն մի տղամարդի շուրջը պատել էին յոթանասունից ավելի դեռահաս աղջիկներ հրաշալի գեղեցկությամբ։ Նրանք հագուստի փոխարեն պատած էին սպիտակ ամպի նման թեթե և թափանցիկ մի նյութով։ Այդ նազելի արարածները ուրիշ հոգ չունեին, բացի գգվելուց և փայփայելուց այն տղամարդին, որին

  1. Դրախտ և պարտեզ միևնույն նշանակությունն ունեն թե մեր և թե պարսից լեզվի մեջ: