Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի լայնատարած ծով։ Հրեղեն ալիքների մեջ դուք կգտնեիք «գավուրների» ամբողջ հասարակությունը և գուցե կճանաչեիք ձեր ազգակիցներից շատերին, որոնք մարգարեի սուրբ հավատը թողնելով, հետևեցին մոլորությունների, և ժառանգեցին աստուծո բարկության հետ նրա հավիտենական տանջանքը։ Բայց աստված չէ կամենում, որ դուք մոլորյալների ճանապարհով գնաք, և այդ երազը մի նշան է, որով նա հրավիրում է ձեզ դեպի ուղիղ ճանապարհը, որ տանում է դեպի արդարների հավիտենական երանությունը, որին արժանացաք աչքով տեսնել ձեր երազի սկզբում։

— Ես մի մեղավոր մարդ եմ...— պատասխանեց մելիքը ցավալի ձայնով,— ես զգում եմ իմ բոլոր մեղքերը...

— Մեր օրենքով,— ասաց իմամը լուրջ կերպով — եթե «գավուրներից» մեկը կընդունե մուսուլմանների կրոնը, ոչ թե նրանից, այլև նրա զավակներից մինչև յոթն սերունդ մեղք չի պահանջվի։ Նրանք կվայելեն ամենապատվական տեղը Մուհամմեդի դրախտի մեջ։ Մելիքի դեմքի վրա վազեց ուրախության նման մի բան, և մոտենալով իմամին, ձեռքը մեկնեց, բռնեց նրա ձյունի նման սպիտակ հագուստի փեշից, և համբուրելով ասաց.

— Ձեզանից է կախված իմ փրկությունը, տեր, մի թողեք ողորմելույս կորչիլ։

— Ձեր փրկությունը խիստ դյուրին է,— պատասխանեց իմամը նույնպես ուրախանալով,— առայժմ բավական է միայն, որ դուք կարդաք «վկայության հանգանակը»[1] և ընդունեք իսլամը, իսկ վաղը մենք կկատարենք թլփատության խորհուրդը։

— Ես պատրաստ եմ։

Իմամը սկսեց նրան բառ առ բառ թելադրել «վկայության հանգանակը» արաբական խոսքերը և մելիքը դպրոցական աշակերտի նման կրկնում էր։ Երբ վերջացավ, իմամը գրկեց նրան, և համբուրելով ասաց.

— Այժմ դուք իմ աչքի լույսը և իմ եղբայրն եք և կարող եք նստեք իմ մոտ, իմ օթոցի վրա։

Պիղծ «գավուրը» մի քանի արաբական բառեր արտասանելով, դարձավ մաքուր, անարատ մուսուլման։ Այժմ իմամը ոչ միայն տալիս էր նրան իր չիբուխից ծխել, այլ պահեց իր մոտ, միասին ընթրիք վայելեցին, և գիշերը մնաց իմամի վրանում, պառկելով

  1. Քալմեի շահադաթ