Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


այդ ժամանակ զբաղված էր «ֆրանկների» (հայ կաթոլիկների) խնդրով։ Հովհաննես «Կոլոտ» (կարճահասակ) մականվանյալ պատրիարքը արգելում էր հայ-կաթոլիկներին լուսավորչականների եկեղեցիները հաճախել Հայ-կաթոլիկները դեռ առանձին եկեղեցի չունեին: Կրոնական երկպառակությունները, Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի և լատինական եպիսկոպոսի մեջ մի կողմից, իսկ հայոց պատրիարքի մեջ մյուս կողմից, պահում էին մայրաքաղաքի հայ ժողովրդին անընդհատ կռիվների մեջ։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը զբաղված էր սուրբ Հակոբա տաճարով. կռիվները հույն և լատին աբեղաների հետ վերջ չունեին։ Այստեղ, Արարատյան նահանգում արյուն և արտասուք էր հոսում, իսկ այնտեղ զբաղված էին եկեղեցիներով...

Երիտասարդը իր շուրջը չէր գտնում ոչ մի մխիթարական երևույթ, բացի հայրենիքի լեռներից և անտառներից, որոնք, կարծես, խուլ կերպով ասում լինեին նրան. «Ե՛կ, ե՛կ, մեր գրկում քեզ համար լավ տեղ կա. բռնակալի ձեռքը այնտեղ մուտք չէ գործում...»։

Ո՞վ էր այդ երիտասարդը, ո՞վ էր այդ ցնորամիտը, որ այն ժամանակվա ընդհանուր խռովությունների, ընդհանուր բարբարոսությունների մեջ, մոռացած իր անձը, միայն հայրենիքի, միայն Ժողովրդի վրա էր մտածում։- Դա Գենվազի իշխան Ստեփաննոս Վարթանեսյանն էր Շահումյան տնից։ Զրկված հայրենական ամրոցից, սիրտը լի վրեժխնդրության դառնությամբ, նա իր երկու հավատարիմ ծառաների հետ, ծպտյալ կերպով թափառում էր Սյունյաց աշխարհում։ Նա մոտենում էր հայոց մելիքներին, հորդորում էր նրանց միաբանվել և ընդհանուր ապստամբությամբ թոթափել խաների ծանր լուծը: Բայց ամեն տեղ գտնում էր սառն անտարբերություն, անհոգություն և մինչև անգամ արհամարհանք։ Բարկությունը, հուսահատությունը երիտասարդի մեջ հասնում էր սոսկալի կատաղության, երբ տեսնում էր, որ հայերը չէին ցանկանում օգուտ քաղել մի ամենահարմար ժամանակից, երբ կարող էին ամեն դյուրությամբ ազատվել պարսից բռնապետությունից։

Պարսից պետությունը այդ ժամանակ գտնվում էր իր օրհասականի մեջ։ Ավղանիստանի Ղանդահար քաղաքից Մյուրվեիսի որդի Միր-Մահմուդ-խանը, տիրելով Սպահան քաղաքին, գահընկեց արեց պարսից Հյուսեին շահին և ինքը նստավ նրա տեղը։ Արևելյան Պարսկաստանը ընկավ ավղանների իշխանության ներքո։ Այդ ժամանակ պարսից Հայաստանում համարյա անիշխանություն