Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միանալով Լոռի և Բախտիարի կոչված վայրենի ցեղերի գլխավորների հետ, նա պատրաստեց մի սարսափելի ապստամբություն պարսից կառավարության դեմ։ Նրա նպատակն էր հիշյալ վայրենիների աջակցությամբ Սպահանի նահանգի հայաբնակ գավառները անկախ դարձնել պարսից պետությունից, որ ինքը կարողանա ժառանգաբար իշխել։ Բայց ապստամբությունը զսպվեցավ և նա փախավ, գնաց Հնդկաստան։ Երկար ժամանակ անհայտության մեջ մնալով, վերջապես վերադարձավ իր հայրենիքը և կրկին ընդունեց քրիստոնեությունը։ Այստեղ, իհարկե, ոչ ոք չէր կարող գիտենալ, թե ինչ էր կատարել նա հեռավոր արևելքում, և ընդունեցին նրան որպես մի մարդ, որին բախտը հաջողացրել էր վերադառնալ գերությունից։ Եվ նա ինքը իր անցյալի մասին պահում էր խորին ծածկամտություն։

— Իսկ դու ո՞րտեղից գիտես այդ բոլորը,— հարցրեց տիկինը զարմանալով հետաքրքիր պատմության վրա։

— Ինձ հաղորդեց մի դերվիշ, որ բնակվում է իմամի մոտ, նա ինքը սպահանցի է, և ականատես է եղել բոլոր անցքերին։ Նա շատ լավ մարդ է, և, ինչպես երևում է, մելիքի այժմյան վարմունքը նրան ևս տհաճություն է պատճառել։

— Ես նրա մասին լսել եմ, ասում են` լավ բժիշկ է։

— Նա ամեն բան գիտե, ինչ ասես, որ նա չգիտենա։

— Բայց մի փոքր խաբեբա է։

— Ես էլ առաջ այդ կարծիքն ունեի նրա մասին, տիկին, մանավանդ, երբ տեսնում էի, որ անդադար գոհարներ է պահանջում իմամից նրա համար «մաջուն» շինելու, և մտածում էի, որ այդ թանկագին իրեղենները առավելապես իր գրպանի համար է։ Բայց նա պարզ խոստովանվեցավ ինձ, թե «բժշկությունը պարսիկների մեջ պետք է ծածկված լինի գերբնական քողով, և այդ ավելի ներգործում է նրանց երևակայության վրա։ Հասարակ բանին նրանք նշանակություն չեն տալիս։ Եթե ես ասեի իմամին, թե քո դարմանները պիտի պատրաստեմ այս և այն խոտից կամ արմատից, նա ոչնչի տեղ կընդուներ, բայց ալմաստը, մարգարիտը, յաղութը և այլն, կարող են ազդել իմամի սնահավատության վրա։— Առհասարակ, ավելացրեց ներքինապետը,— ես այդ մարդու մեջ գտնում եմ մի խորհրդավոր գաղտնիք, որը նա ամենայն զգուշությամբ թաքցնում է։

— Դերվիշները միշտ այդպես են լինում,— պատասխանեց տիկինը անուշադիր կերպով և կրկին ընկավ մտածությունների մեջ։