Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Էին այն ճանապարհի վրա, որ կողմից պիտի անցներ նա։ Շատերը անց էին կենում նրա ձիու փորի տակով։

Այդ բոլորը կատարվում էր հոգևոր շնորհքներ ընդունելու ակնկալությամբ։ Ամբողջ բազմության մեջ տիրում էր մի տեսակ խորին, ջերմեռանդական զգացմունք, որ հասցնում էր սնահավատությունը կրոնական վայրենի հափշտակության։ ճանապարհի վրա մի քանի տեղ մատաղներ կտրեցին, մի քանի տեղ կանգնեցին մաղթանքներ կատարելու համար։ Կնիկները ծածկում էին ճանապարհը կանաչ ոստերով, թափորը անցնում էր այդ կանաչապատ սփռոցի վրայով։

Խանի վրանը այսօր սովորականից ավելի զարգարած էր. նրա գանձարանից դուրս էին բերել ամենաընտիր արծաթեղեն անոթները։ Այստեղ պիտի խմեին «ուրախության շերբեթը»։ Գեղեցկադեմ մանկլավիկները և սպասավորների մի ահագին խումբ, շքեղ կերպով հագնված, սպասում էին պատվելի հյուրին։ Վրանում նստած էին խանը և իմամը միայն։ Երբ թափորը մոտեցավ, նրանք երկուսն էլ դուրս եկան, կանգնեցին վրանի մուտքի մոտ ընդունելու նորընծա մահմեդականին։ Խանը իր ձեռքով բռնեց և ցած իջեցրեց նրան ձիուց։ Խուռն բազմությունը շրջապատեց վրանի չորս կողմը։ Իմամը կարդաց մի կարճ աղոթք, հետո մտան վրանը։ Այնտեղ ընդունվեցան ցեղի նշանավոր անձինքներից շատերը ուրախակից լինելու այն մեծ հանդիսին։

Այնօր Չալարիանլիների ամբողջ ցեղը անցրեց ուրախությունով։ Բшյց մի մարդ, որ նրանց մեջ չէր գտնվում, դա էր Տաթևի մելիք Դավիթը։ Նա առավոտյան հենց որ լսեց մելիք Ֆրանգյուլի վարմունքը, իսկույն հասկացավ, թե ինչ խաղ խաղաց այդ մարդը իր գլխին, և սիրտը լի դառնությամբ, առանց ոչ ոքի հետ տեսնվելու, նստեց իր ձին և գնաց դեպի Տաթև, համոզված լինելով, որ այնուհետև Գենվազի ու Բարգյուշատի վրա մտածելը հիմարություն կլիներ իր կողմից...

ԺԴ

Նույն ավուր գիշերային պահուն ծերունի ներքինապետը դարձյալ վրդովված կերպով մտավ Սյուրիի վրանը։ Նա պատմեց, որ խանից սաստիկ հանդիմանություն ստացավ, թե ինչու նա պահում է իր մոտ մի քրիստոնյա պատանի, նրան տեղ է տվել իր վրանում,