Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կհանգստանան այդ մթին գերեզմանի մեջ, երբ ազատության շունչը խաղաղ, կենսաբեր ոգվով կփչե նրա վրայով...»։

Այդ խոսքերից և ոչ մեկը չարտասանեց պատանին։ Միայն նրա սիրտը անգիտակցաբար լցված էր այդ զգացմունքներով։ Հոր և մոր, ազգականների և բարեկամների հոգիները նույն գերեզմանի խորքից ներշնչում էին նրա մեջ այդ մտածությունները։ Նա այնքան մանուկ չէր, որ զգացած չլիներ բռնակալ ձեռքի դառն հարվածները։ Նրա մարմնի վերքերը դեռ ոչ բոլորովին բուժված էին, իսկ սիրտը լի էր վրեժխնդրության դառնությամբ։

Նա վերջին անգամ համբուրեց գերեզմանը և վեր բարձրացավ։

— Մնաս բարյավ, սիրելի մայր,— մնաս բարյավ, սիրելի հայր,— մնացեք բարյավ, սիրելի բարեկամներ,— ասաց նա և հեռացավ։

Ներքինապետի վրանում Սյուրին վաղուց սպասում էր պատանուն։ Ծերունի Ահմեդը շատ անհանգիստ էր նրա բացակայության համար։ Այնքան օրեր պատանին ապրում էր նրա վրանում, խիստ սակավ անգամ էր պատահել, որ նա մի ուրիշ տեղ գնացած լիներ։ Այժմ ո՞ւր պիտի գնացած լիներ։ Ոչ ոք չգիտեր։ Ներքինապետի ծառաներից ոչ մեկը չէր տեսել նրան վրանից դուրս գալու ժամանակ։

Վրանի վարագույրները իջեցրած էին։ Տիկինը միայնակ նստած էր այնտեղ, իսկ ծերունի ներքինապետը կանգնած էր նրա սպասում։ Երկուսի մեջ ևս տիրում էր մի տեսակ լարված լռություն, երկուսն էր անհանգիստ էին այն մտքով, թե ի՞նչ եղավ պատանին։ Հեռու, անտառի մեջ թե ձիաները, թե մարդիկր պատրաստ էին, որ նրան պիտի տանեին։ Գիշերը անցնում էր. պետք էր շուտով ճանապարհ ընկնել, որ մինչև լուսանալը կարողանային բավական հեռացած լինել խանի կացած տեղի սահմաններից։

— Ի՞նչ եղավ,— հարցրեց տիկինը անհամբերությամբ.— ես կասկածում եմ, որ նրա հետ մի վտանգ պատահած լինի։ — Այստեղ ամեն բան կարող է պատահել, տիկին,— պատասխանեց ծերունին շվարած կերպով.— այստեղ ծիտն էլ իր բույնի մեջ ապահով չէ։

Լսելի եղավ շան հաչելու ձայնը։ Ծերունին դուրս գնաց։ Մի քանի վայրկյանից հետո նա վերադարձավ ուրախ դեմքով, իր հետ բերելով պատանուն։ Բայց վերջինիս գունաթափ դեմքը չէր ցույց տալիս որևիցե ուրախություն, խորին տխրությունը նկարված էր նրա խոշոր, սևորակ աչքերի մեջ։ Տիկինը տեսնելով գեղեցիկ,