Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


էր տիրում։ Թեև աթոռազուրկ Հյուսեին շահի որդին, շահ Թահմասը, լսելով ավղանների հաղթությունը, Մազանդարանում թագավոր դարձավ և եկավ նստեց Թավրիզ քաղաքում, բայց նա այն աստիճան թույլ, արբեցող և փոփոխամիտ մարդ էր, որ շուտով զզվեցրեց իր զորապետներին, բոլորը հեռացան նրանից, և ինքը, շահ Թահմասը, անօգնական մնալով, գնաց Աստապատ և գաղտնի ապաստան գտավ Աստվածատուր անունով մի հայ իշխանի տանը։ Երևանի նահանգին այդ ժամանակ տիրում էին օսմանցիները։ Նրանք ավելի ցանկանում էին Հայաստանի այդ մասը հայ իշխանների ձեռքով կառավարել և նրանցից մի որոշյալ տուրք ստանալ, քան թե պարսից խաների ձեռքը տալ։

Բոլոր հանգամանքները երբ հաջողություն էին խոստանում։ Պարսից և թուրքաց արքունիքները սարսափելի խռովության մեջ էին։ Շահերի և սուլթանների գահերը, խաղագնդակների նման, անդադար մի ձեռքից մյուս ձեռք էին անցնում։ Պարսկաստանի և Թուրքիայի մեջ ամեն օր ծագում էին նոր ապստամբություններ, ամեն օր կազմվում էին նոր, անկախ իշխանություններ։ Միայն հայերը անշարժ էին, միայն հայերը իրանց ազատության վրա չէին մտածում։ Այդ սաստիկ խոցում էր Շահումյան իշխանների վերջին ժառանգի` Ստեփաննոսի սիրտը։ Ի՞նչ պետք էր արած։ Բոլոր ժողովուրդներից ավելի տանջված, ավելի հարստահարված, ավելի թշվառ ազգը` հայը, ոչինչ չէր զգում։ Կարծես հանգիստ, ապահով և վայելուչ կյանքի փափագը մեռած լիներ նրա մեջ։

Երիտասարդ իշխանը այդ կարծիքի հետ բոլորովին համաձայն չէր։ Ժողովուրդը հոգեպես և բարոյապես բոլորովին մեռած չէր։ Նրա սրտում դեռ մնացել էին հարուստ, կենդանի տարրեր. միայն պետք էր ջերմացնել նրանց, պետք էր բորբոքել, ուժ տալ, և ահա միևնույն ստրկացած ժողովուրդը ոտքի կկանգներ հսկայի անձնավստահությամբ։ Ստեփաննոսը գիտեր այդ բոլորը։ Նա հավատում էր հայի տոկունությանը։ Նա գիտեր, հայը որքան համբերող է, որքան տանող է բռնության լծի ծանրությանը, այնքան շուտով պատրաստ է թոթափել այդ լուծը, եթե հանգամանքները կնպաստեին։ Միայն հայը զգույշ է, հեռատես է, խորհող է, բայց շուտ վճռող չէ, և դրա մեջն է կայանում նրա բոլոր դանդաղկոտությունը։ Զգուշությունը նրա մեջ հանցավոր երկչոտության կերպարանք է ստացել։ Նա երբեք չի սկսի մի գործ, եթե հավատացած չէ, թե հաջողությունը իր կողմը կլինի։ Ուր մի փոքր անզգուշություն, մի փոքր զոհողություն, մի փոքր խենթությունն