Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցավալի անկումը, թող այսուհետև ոգևորե քեզ նրա վերականգնման համար գործել։ Դու պետք է բարձրացնես մեր հայրենիքի փառքը նրա կործանման փոշիներից և վերստին պետք է կյանք և ազատություն պարգևես մեր թշվառ աշխարհին։ Ես այդ խոսքերը իմ գլխից չեմ խոսում, այլ աստված ինքը հայտնեց ինձ մի տեսիլքի մեջ։ Եվ ես հավատում եմ քո ճակատագրին, դու էլ պիտի հավատաս քո կոչմանը...

Լսելով այդ խոսքերը, պատանին կարծում էր, թե իր վրա ծիծաղում են, և ծերունին պատրաստ էր պատմել նրան իր տեսած երազի մանրամասնությունները, բայց տիկինը զգուշացրեց նրան, որ լռե։

— Այդ հասակում տղայի հետ այդպիսի բաների վրա չեն խոսում,— ասաց նա արաբերեն լեզվով.— երբ ժամանակը կգա, նա ինքը կհասկանա բոլորը...

— Այժմ բարի ճանապարհ եմ մաղթում քեզ,— ասաց տիկինը պատանու ճակատը համբուրելով,— կրկնում եմ, որտեղ որ լինես, ամեն մի պետքի, ամեն մի վտանգի ժամանակ կարող ես վստահությամբ դիմել ինձ, ես պատրաստ եմ ամեն մի հանգամանքում օգնել քեզ։

Պատանին խորին շնորհակալությամբ համբուրեց տիկնոջ աջը և մի քանի կաթիլ արտասուք գլորվեցան նրա ձեռքի վրա։ Նա մնաք բարյավ ասաց և իսկույն դուրս եկավ վրանից, գիշերային մթության մեջ ծածկելու իր դառն արտասուքը։ Ծերունի ներքինապետը հետևեց նրան։

Տիկինը մնաց վրանում միայնակ, տխուր և սաստիկ սրտաշարժ դրության մեջ։ Կարծես նրա հարազատ եղբայրը դեպի օտարություն էր գնում, կարծես նրանից մի ամենասիրելի բան պակսում էր։ Նա լուռ հափշկության մեջ ծունր դրեց վրանի հատակի վրա և նրա վշտերով լի աչքերը դարձան դեպի արդարադատ երկինքը։ Ի՞նչ բանի համար էր աղոթում նա,— այդ միայն աստված գիտե։ Բայց ջերմ արտասուքը առատությամբ շրջում էր նրա գունաթափ դեմքը, և երկար նույն դրության մեջ մրմնջում էր նա, մինչև կայծակի վերջին փայլը լուսավորեց վրանի մթին շրջակայքր, և հեռացող պատանու քայլերի ձայնը ծածկվեցավ որոտման սաստիկ դղրդացի տակ։

Փոթորիկը ավելի սոսկալի կերպարանք ստացավ...

Առաջին գրքի վերջը