Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կատարելով պառավի պատվերները։ Նրանք ճրագի փոխարեն բռնած ունեին իրանց ձեռքում խեժավետ եղևնիի վառած տաշեղներ, որոնք լցրել էին տունը անուշ խնկահոտությունով։ Դրանք Քեթևանի աղջիկներն էին, թվով երեք հոգի, որոնք երեքին կոչում էին Սոփիո, միջնակին՝ Փեփելո, իսկ կրտսերին՝ Նինո։ Այդ ուրախ, պարզամիտ արարածները, կոլոլված չթեղեն դերիաների մեջ, բոբլիկ ոտներով վազվզում էին, թրթռում էին կրակի շուրջը, երբեմն այս բերելով, երբեմն այն տանելով, և յուրաքանչյուր սխալ գործելու միջոցին պառավ մոր զգուշացնող հիշոցները ամենևին չէին խանգարում նրանց ուրախությունը, որի պատճառը իրանք էլ չգիտեին։

— Սոփիո,— հարցրեց երեց քրոջից միջնակ քույրը, Փեփելոն, նրան մի կողմ տանելով,— այդ մարդը միշտ պիտի մնա մեր տանը։

— Չեմ իմանում,— պատասխանեց սառնությամբ Սոփիոն,— կարելի է մնա, կարելի է գնա։ Ով է իմանում:

— Ես կուզեի, որ նա միշտ մեր տանը մնար,— ասաց Փեփելոն ժպտելով,— դու չէի՞ր ուզի։

— Հողեմ նրա գլուխը... ինչի՞ս է պետք...— պատասխանեց Սոփիոն իր գեղեցիկ դեմքի վրա մի ծաղրական խոժոռ գործելով։

— Սիրուն տղամարդ է։

— Սիրուն տղամա՞րդ է, քեզ համար պահիր,— ասաց Սոփիոն, ձեռքի հինգ մատներով աննկատելի կերպով «մրճիկ հանելով[1]» դեպի Աղասու կողմը։ Մանկահասակ աղջիկներին հատուկ է իրանց առաջին սերը արտահայտել արհամարհանքով։ Երբ գյուղացի հասարակ աղջկան մի սիրային խոսք ես ասում և նա պատասխանում է քեզ բարկությամբ կամ ապտակով, կարող ես այնուհետև վստահ լինել, որ նա ընդունեց քո առաջարկությունը։ Այդ կետից պետք է բացատրել Սոփիոյի արհամարհանքը դեպի Աղասին։ Սյուների վայելչադեմ երիտասարդը արդեն իր վրա էր դարձրել աղջիկների և հարսների բարի ուշադրությունը, թեև նրանց ոչ մեկի հետ չէր խոսացել, թեև ինքը նրանց վրա ուշադրություն չէր դարձնում։

Փոքրիկ տնակի մեջ կյանքը հետզհետե ավելի ուրախ, ավելի բաղադրյալ կերպարանք էր ստանում։ Պառավ Քեթևանի որդիները, որոնք Բեկի տանը ծառաների և սպասավորների պաշտոն էին կատարում, ավարտելով իրանց գործը ախոռատնում կամ մարագում, այժմ եկել, ընտանեբար շարվել էին կրակի շուրջը։ Մեկը

  1. «Մրճիկ հանել» նշանակում է քոքոլա անել