Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Գրողը տանե քեզ, Քեթևան,— դարձավ նա դեպի պառավը,— ի՞նչ խաբար է այս գիշեր, հարսանի՞ք ունես, ի՞նչ է։

— Չե՞ս տեսնում, որ մեր տերը այս գիշեր հյուր ունի, էլ ինչո՞ւ ես հարցնում,— պատասխանեց պառավը անփույթ կերպով և շարունակեց իր գործը։

— Տեսնո՞ւմ եմ, քավթառ, տեսնում եմ... ձեր տերը հյուր ունի...— ասաց նա խռպոտ ձայնով։— Հենց ես այստեղ եկած ժամանակ քո աչքերը քոռանում են։

Պառավը ոչինչ չպատասխանեց, մտածելով, որ շատ հեռու կտաներ նրա հետ վիճելը, մանավանդ նա նկատում էր, որ իշխանը, որի հանաքներին ամենքը սովոր էին, այժմ փոքր-ինչ խմած պետք է լիներ։

— Ո՞րտեղ էիր,— հարցրեց նրանից Բեկը, կամենալով սկսել մի լուրջ խոսակցություն։

Բայց իշխանը, փոխանակ նրան պատասխանելու, դարձավ դեպի պառավի մանկահասակ հարսներից մեկը, և իր մոտ կանչելով, ասաց.

— Մոտ ե՛կ, Դարո, մոտ ե՛կ,— դու էլ ինչ-որ փոխվել ես, խոզի զավակ, չես էլ մտածում բարևել Բայինդուրի հետ։

Դարոն կարմրելով, դողդողալով, մոտեցավ։ Վիթխարին թռնելով նրա ձեռքից, այնպես սաստիկ հուպ տվեց, որ խեղճ կինը ողորմելի ձայնով ճչաց և փոքր էր մնում, որ սիրտը թուլանար։

— Դու քո ուժը հենց կանանց մատների վրա ես փորձում, իշխան,— ասաց նրան Բեկը հեգնական ժպիտով։

— Այդ ինձ ուրախություն է պատճառում, Բեկ, մեծ ուրախություն,— պատասխանեց իշխանը ծիծաղելով։

— Որպես կատվին ուրախության է պատճառում մկան ծվծվոցը, նրան կեղեքելուց առաջ։— Այդպես չէ։

— Ուղիղ այդպես, իմ խելացի տղաս, լավ հասկացար, աստված է վկա, լավ հասկացար։ Իզուր չէ, որ վրաց թագավորը քեզ նման իմաստունին իր վեզիր է շինել։ Խելքդ ծով է, ինչ ասել կուզե, ամեն բան հասկանում ես։

Բեկը ժպտաց և ոչինչ չպատասխանեց։ Պառավ Քեթևանի աղջիկները, Սոփիոն և Փեփելոն, այդ միջոցին դողդողալով, թախտի վրա պատրաստում էին ընթրիքի սեղանը, վախենալով, մի գուցե Դարոյի հետ պատահածը իրանց էլ պատահի։ Բայց նրանց բախտից վիթխարին այդ ժամանակ դարձավ դեպի երկու աղջիկների եղբայրներից մեկը—Նիկոն, հրամայելով․