Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց նրա պատմությունը թե՛ իր ճանապարհորդության և թե՛ իր վերադարձի մասին մնաց անկատար, որովհետև Բեկի հոգնած հյուրերը փոքր առ փոքր սկսեցին հեռանալ, աղմկալի սենյակը բոլորովին դատարկվեցավ և ամեն տեղ տիրեց խորին լռություն:

Այնուհետև Բեկը երկար, միայնակ նստած, Սաքուլի հետ խոսում էին: Ի՞նչ գործ ուներ Վրաստանի առաջին պետական մարդը այդ գերեվաճառի հետ:


Ե

Այժմ պատմենք համառոտ կերպով, թե Դավիթ Բեկը Վրաստան գալով, նախ որպես սկսեց իր ասպարեզը։

Ընթերցողը հիշում է այն սոսկալի, փոթորկային գիշերը, երբ նա Ֆաթալի-խանի բանակից ճանապարհ ընկավ, հիշում է և այն, որ նա ուներ իր հետ ծերունի ներքինապետից հանձնարարական նամակ հայազգի Օրբելյան իշխանի վրա, որը պետք է պատանի Դավթի հոգաբարձուն և խնամակալը լիներ նրա պանդխտության մեջ: Բայց ծերունի ներքինապետի բոլոր կարգադրությունները պատանու ապահովության մասին հակառակ ընթացք ստացան, որը նախատեսել, իհարկե, նա սկզբից չէր կարող։

Պատանին գալով Մցխեթ, գտավ Օրբելյան իշխանին մի շաբաթ առաջ մեռած։ Նրա բարեկամները դեռ սուգի մեջ էին։ Թեև պատանին ներկայացրեց նրանց ներքինապետի նամակը, բայց հանգուցյալի տոհմայիններից ոչ ոք կարողացավ ճանաչել, թե ով էր նամակի հեղինակը, կամ որքան նշանակություն պետք էր տալ նրա գրածներին: Նկատելով այդ սառն ընդունելությունը, պատանին ինքն անհարմար համարեց մի անախորժ բեռն լինել օտար ընտանիքի վրա, որ առանց դրան ևս անբախտացած էր։ Սիրտը լի եռանդով, քսակը լի ոսկիներով, որ ստացել էր նա Սյուրիից, վճռեց իր աշխատանքով ապրել, առանց մի ուրիշին ծանրություն պատճառելու:

Նա հետ դարձրեց իր հետ եկած մարզիկներին, գրեց ներքինապետին, թեև իշխանը, որի վրա հույս ուներ նա, մեռած է, բայց ինքը այնքան ուժ է զգում իր մեջ, որ առանց խնամակալի ևս կարող է այդ երկրում մի պարապմունք գտնել և անկախ ու անկարոտ ապրել: Վերջացնելով իր նամակը անհուն շնորհակալություններով ծերունու բարերարությունների մասին, պատանին աղաչում