Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Առաջին անգամ ո՞րտեղ տեսար ինձ,— հետաքրքրությամբ հարցրեց Թամարը։ — Այդ ե՞րբ էր։

— Երկու տարի առաջ։ Ես քեզ տեսա ճանապարհին, քոծերի հետ տուն էիր գնում. դու ինձ կաթ խմացրիր: Չե՞ս հիշում:

Թամարը մատը դրեց բերնին, գեղեցիկ, երկայն թերթերունքներով պատած վերնակոպերը խոնարհեցրեց, մտածության մեջ ընկավ: Րոպեական լռությունից հետո գլուխը բարձրացրեց և ուղիղ պատանու երեսին նայելով, ասաց.

— Չեմ հիշում: Երկու տարի դրանից առաջ... ես քեզ ճանապարհին կաթ խմացրի... չեմ հիշում...— կրկնեց նա մի առանձին խորհրդավոր ձայնով։

— Այո՛, երկու տարի առաջ...— պատասխանեց պատանին սրտի բաբախմունքից դողդոջուն ձայնով։— Այն օրից ես հանձն առա ձեր հովիվը լինել։

— Ինչո՞ւ,— հարցրեց Թամարը և մի նուրբ ժպիտ փայլեց նրա սիրուն շրթունքների վրա։

— Որ կարողանամ քեզ շուտ-շուտ տեսնել:

Վերջին խոսքը լսելու ժամանակ Թամարը ծիծաղելով փախավ Դավթի մոտից, իսկ հեռանալու միջոցին կանգ առեց, և ապշած պատանու ականջներին հասան հետևյալ խոսքերը, երբ նա իր ուրախությամբ լի դեմքը դարձնելով, ասաց հեռվից.

— Ես թեև դեղին ծաղիկներ չեմ սիրում, բայց այդ փունջը ինձ հետ կտանեմ, նրա համար, որ դու ես քաղել,— կպահեմ ու միշտ կպահեմ սրտիս վրա...

Այդ խոսակցությունը պատանու և Թամարի մեջ տեղի ունեցավ ոչխարների կայարանից փոքր-ինչ հեռու, մի առվակի ափի մոտ։ Խիտ թուփերը ծածկում էին նրանց թե հովիվների և թե Թամարի հետ եկած աղախինների աչքերից։ Վերջինները այդ ժամանակ զբաղված էին ոչխարները կթելով: Բայց թե պատանին և թե մանկահասակ աղջիկը չկարողացան նկատել, որ նրանցից մեկը, սատանայի նման թուփերի մեջ թաքնվելով, ուշադրությամբ լսում էր երկու սիրահարների մտերմական խոսակցությունը, և մեծ հետաքրքրությամբ զննում էր նրանը բախտավոր երեսների գծերի ամենափոքր շարժումները, և արտահայտության ամենաթեթև նշմարը:

Թամարի հեռանալուց հետո նա դեռ երկար մնաց իր դարանի մեջ, բարկությամբ նայում էր Դավթի վրա, որը այդ րոպեում անշարժ արձանի նման, սառած, ապշած կանգնել էր, բոլորովին չկարողանալով իրան հավատացնել, թե տեսածը իրողություն էր,