Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դու կտանես,— կրկնեց Գիգոն, ավելացնելով,— ասում են մեծ պարոնի խոյին գինի պիտի խմացնեն, որ լավ կռվե:

— Դու ո՞րտեղից գիտես։

— Գիտեմ... բայց դու ոչ ոքի չասես, Լեկո, դա ծածուկ բան է, եթե գիտենան, որ այդ խոսքը մեր բերնիցն է դուրս եկել, մեր հոգին կառնեն...

— Գժվե՞լ եմ, որ ասեմ։

Նրանց խոսակցության մեջ մտավ մի այլ գյուղացի։

— Ասում են, որ մեծ պարոնի մեծ շունը պիտի կռվացնեն Լևան թավադի որդու շան հետ։

— Ա՜յ, ի՛նչ լավ թամաշա կլինի,— բացականչեցին թե Գիգոն և թե Լեկոն ուրախությունից կանխապես ծափահարելով։

— Ասում են` Զաքարա ու Ալեքսի թավադի որդիներն էլ իրանց աքաղաղները պիտի բերեն կռվացնելու,— մեջ մտավ մի ուրիշ գյուղացի.— ա՛յ, այն ժամանակ լավ թամաշա կլինի։

— Է՛հ. քեֆը նրանցն է... աշխարհումս ինչ լավ բաներ կան, բոլորը նրանց է տված... մենք միայն պիտի թամաշա անենք...— ավելացրեց մի ծերունի գյուղացի, դողդոջուն ձեռքերով ծոցից դուրս բերելով քթախոտի պարկը, և լի բուռով ածելով պնչածակերի մեջ, որ սրտի կսկիծը փոքր-ինչ հովացնե։

— Այն աքաղաղներից մեկը,— շարունակեց նա հոգվոց հանելով,— որ այսօր Զաքարա ու Ալեքսի թավադի որդիները պիտի կռվեցնեն,— մերն է. թոռս պահել, մեծացրել էր։ Աստված Էլ գիտե, որ մեր գյուղում նրա հատը չկա. հենց որ Ալեքսի թավադի որդին լսեց, եկավ մեր տնից զոռով քաշեց տարավ։ Այն օրից խեղճ թոռնիկս չէ դադարում լաց լինելուց... Իմ մի հատիկ կովը եթե տանեին, ես այնքան չէի ցավի, որքան այդ աքաղաղը ցավեցրեց ինձ։

— Մեծ պարոնի մեծ շունն էլ մեր հարևան Լենտոյի շունն էր,— խոսեց մի ուրիշ գյուղացի— Լենտոյի տունը այդ շունն էր պահում, նրա երկյուղից ծիտն էլ Լենտոյի կտուրի վրայից չէր կարողանում անց կենալ։ Հենց որ մեծ պարոնը լսեց, ուղարկեց տանել տվեց շունը. Լենտոն մինչև հիմա էլ անիծում է...

Գյուղացիների խոսակցությունը ընդհատվեցավ, երբ հեռվից լսելի եղավ զուռնայի ու նաղարայի ձայնը։ Ամբոխը դեպի այն կողմը վազեց: «Գալիս են...»— անցավ մի խուլ շշնջյուն բազմության մեջ։ Ազնվականությունը իր մեծ պարոնի առաջնորդությամբ գալիս էր։ Սկզբում տեսնվում էր մի մռայլ, անորոշ խումբ