Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն, որ հազիվ նկատելի կերպով շարժվում էր դեպի հանդեսի տեղը: Բայց որքան մոտենում էր խումբը, այնքան ընդարձակվում էր, այնքան խուռն կերպարանք էր ստանում:

— Տե՛ս, տե՛ս, այն սև ձիավորը մեծ պարոնն է, որ բոլորից առաջ է ընկած,— ցույց էին տալիս միմյանց գյուղացիները:

— Նրա ետևի սպիտակ ձիավորն էլ Արշիլ թավադի որդին է։

— Այն կարմիր ձիավորն էլ Լևան թավադի որդին է, որ Արշիլի կողքովն է քշում։

— Այն կապույտ ձիավորն էլ Ալեքսի թավադի որդին է:

— Չէ, Զաքարան է, Ալեքսին կապույտ ձի չունի,— ուղղում էր նրան մոտի կանգնած գյուղացին,— Ալեքսու ձին դեղին գույն ունի։

Այսպես հեռվից վիճում էին միմյանց հետ, մինչև բոլորովին մոտեցավ խումբը։ Թե Մցխեթի, թե շրջակա գյուղերի բոլոր զուռնաչիները, բոլոր նաղարաչիները, միասին հավաքված, կազմել էին մի ահագին նվագախումբ։ Զուռնայի զիլ, ճլվլուն, ականջ ծակող ձայնը, նաղարայի վայրենի դըմբդըմբոցը, միախառնվելով, դղրդեցնում էին լեռները մի խառնաձայն, անախորժ ներդաշնակությունով, թեև դա բոլորին դուր էր գալիս, բացի այն լեռների վրա արածող ոչխարներից, որոնք խրտչելով, սկսան այս կողմ և այն կողմ փախչիլ, և բացի հովիվների շներից, որոնք այդ անակնկալ աղմուկը լսելով, սկսեցին դառն ձայնով ոռնալ, սկսեցին հեծկլտալ, կամ բարկացած կերպով հաչել։ Այդ իմաստուն արարածները, երևի, ավելի կիրթ ճաշակ ունեին, քան թե ամբոխը, որ այդ միջոցում հիացած էր այդ տարօրինակ երաժշտությանով։

Նվագախումբը բոլորից առաջ էր ընկած և ածում էր։ Նրանց ետևից հանդիսավոր կերպով բերում էին այն անասունները, որ այսօր պիտի մրցություն անեին միմյանց հետ։ Նախ բերում էին մեծ պարոնի երևելի խոյը, կապված մի երկայն շղթայով, որի մեջտեղը անց էր կացրած խոյի պարանոցով, իսկ շղթայի երկու ծայրերը բռնել էին երկու ուժեղ մարդիկ։ Նրա ահագին, ոլորապտույտ եղջյուրները ներկել էին վարդի գույնով և զարդարել էին փոքրիկ զանգակներով։ Նույն գույնով, խայտաճամուկ կերպով, ներկել էին նրա մարմնի սպիտակ բուրդը: Մեծ պարոնի խոյի ետևից բերում էին Արշիլ թավադի որդու խոյը, նույնպես շղթայով կապված, նույնպես զարդարած փոքրիկ զանգակներով, այն զանազանությամբ միայն, որ դրա թե բուրդը և թե եղջյուրները ներկված