Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէ՛, ասաց. ճորտեր, որքան կամենաս, կավելացնեմ, բայց ոչխա՞ր, մի հատ էլ չեմ կարող ավելացնել։

— Իհարկե, ոչխարներ չէր կարելի ավելացնել,— պատասխանեց տիրուհին հմուտ տնտեսապետի եղանակով,— այս տարի առանց դրան էլ մեր յուղն ու պանիրը պակաս է, բայց ճորտեր կարելի էր, ճորտերն ի՞նչ են տալիս մեզ. թող սատկե՜ն նրանք...

Այս միջոցին Թամարի խորթ մոր հետ խոսող պառավը նրա ուշադրությունը ծածուկ դարձրեց Լևան թավադի որդու վրա։

— Տեսնո՞ւմ ես, ի՞նչ շուք ու շնորհքով տղա է. դրուստ Թամարի խարջն է.— երկուսն էլ սիրուն, երկուսն էլ աղունակի պես գեղեցիկ...

— Ի՞նչ անեմ,— պատասխանեց խորթ մայրը.— թո՛ղ քոռանա Թամարը, որ մի այդպիսի լավ տղին թողած, մի անպիտանի ետևից է ընկած..․

— Պետք է խրատես, պետք է նրա աչքը հանես...— խորհուրդ էր տալիս պառավը։

Մյուս կողմում խոսակցությունը այժմ դարձել էր Զաքարա ու Ալեքսի թավադի որդիների աքաղաղների վրա և ուրիշ երկու ազնվականների կաքավների վրա։— Խոսում էին ու ծիծաղում, թե ո՞վ որքանով է գրազ եկել. մեկը ասում էր, թե այս ինչի աքաղաղը կհաղթե, մյուսը այն ինչի կաքավին էր ջատագովում. վիճում էին, բարկանում էին, աղաղակում էին, և միմյանց կոշտ-կոպիտ սպառնալիքներ էին կարդում։ Բայց միակ ողորմելի արարածները,— որ այդ տաք վիճաբանությունների մեջ ձայն չունեին, որոնք գրազի ու շների մրցության առարկաներ էին դարձել,— էին ճորտերը, որ այժմ հեռվից զվարճությամբ նայում էին իրանց իշխանների վրա, և անհամբերությամբ սպասում էին, թե ե՞րբ կսկսվի հանդեսը, թեև այդ չարագուշակ հանդեսը վճռելու էր նրանց ամեն մեկի վիճակը և մի բռնավորի ձեռքից մյուս բռնավորի ձեռքն էր գցելու։

— Լա՛վ, լա՛վ, բավական է, ինչո՞ւ եք վիճում,— հանգստացրեց բոլորին մեծ պարոնի տիրուհին,— շուտով կտեսնենք, թե որը կհաղթե։ Հիմիկվանից ինչո՞ւ եք միմյանց բողազը ծամում...

Այս միջոցում դրան սափրիչի որդու հետ, մատուռի կողմից, հայտնվեցավ մեծ պարոնի մանկահասակ ժառանգը։ Նա մի երիտասարդ էր մոտ քսանհինգ տարեկան, այն թեթևամիտ երիտասարդներից մեկը, որ աճում, բարձրանում են, միշտ տղա