Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


սիրտը անտակ ծով լինի. ամեն բան խորասուզվում է, ամեն գաղտնիք թաքնված է այնտեղ...

Թե Բեկը և թե սպարապետը հասկացան, որ իշխանը նախքան իրանց մոտ գալը, ախոռատնում տեսնվել է Աղասու հետ։ Եվ որովհետև իրանց մեջ արդեն վճռել էին, որ նրան ևս մասնակից անեն իրանց խորհրդին, այդ պատճառով տվեցին նրան Աղասու բերած նամակները կարդալու։

Նա մոտեցավ լուսամուտին և սկսեց լռությամբ կարդալ։ Զարմանալի փոփոխություն այդ միշտ ուրախ, միշտ անհոգ և կատակներ սիրող մարդու մեջ։ Ընթերցանության ժամանակ նա մի քանի անգամ խորին կերպով հոգոց հանեց, մի, քանի անգամ արձակեց խուլ հառաչանքներ, հետո նրա աչքերը լցվեցան արտասուքով։ Վիթխարի հսկան, երկաթի մարդը սկսեց երեխայի նման լաց լինել։ Նրա սիրտը այնքան փափուկ էր, նրա զգացմունքները այն աստիճան ազնիվ էին, որ չէր կարող դիմանալ, կործանվող հայրենիքի մահվան բոթը այդ նամակների մեջ նկարագրված տեսնելով։ Նա հանկարծ վեր թռավ նստած տեղից և իր թուրը պատյանից դուրս քաշելով, դրեց Բեկի ոտների մոտ, ասելով․

— Ահա քո խոնարհ ծառան դնում է իր թուրը քո ոտների մոտ, առաջարկելով իր ծառայությունը։— Գնանք, ես պատրաստ եմ․ հայրենիքը կոչում է մեզ։

Բեկը գրկեց նրան և համբուրեց։ Այնուհետև երկար ու երկար նրանք խոսում էին և խորհում այն բոլոր կարգադրությունների և նախապատրաստությունների մասին, որ պետք էր գործ դնել նախքան Վրաստանը թողնելը։

ԺԳ

Միևնույն ավուր ուշ-գիշերային պահուն Դավիթ Բեկի ննջարանը լուսավորված էր յուղային ճրագով, որ դրած էր փայտյա աշտանակի վրա։ Թախտի վրա նստած էր Բեկը, իսկ նրա մոտ գերեվաճառ Սաքուլը։ Տան բոլոր դռները կողպված էին։ Ծառաները, սպասավորները, աղախինները, բոլորը քնած էին։ Ամբողջ տունը մրափում էր խորին, խաղաղական լոության մեջ։

Գերեվաճառի մոտ մի ամանի մեջ գրած էր գինի, որից երբեմն իր ձեռքով ածում ու խմում էր, կարծես կոկորդը թրջելու համար,