Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկուսն էլ մտան իշխանի սենյակը։ Սպարապետի հետ եկող ծառան գնաց ախոռատունը սպասելու իր տիրոջը։

— Հիմա պատմիր, ի՞նչ շինեցիր,— հարցրեց սպարապետը, նստելով թախտի վրա։

— Գործը ինքն իրան շինվեցավ... և ես հավատացած էի, որ այսպես էլ կլիներ,— պատասխանեց իշխանը ուրախությամբ։— Մի քանի Ժամ առաջ ինձ մոտ էին, բոլորն էլ երդվեցան, թե կգան մեզ հետ։

— Բայց դու չպիտի հայտնեիր նրանց գործի բուն նպատակը։

— Բայինդուրը խելքը հացի ու պանրի հետ չի կերել․ նա այդ սատանայությունները շատ լավ է իմանում։ Նա գիտե, որ բահը չպիտի հասկանա, թե ինչ նպատակով մշակը նրանով փորում է հողը։

— Ուրեմն դու ի՞նչ կերպով բացատրեցիր նրանց»

— Շատ հասարակ կերպով․ ես այսքանը միայն ասեցի, թե Բեկը մի սարսափելի տեղեկություն է ստացել, Հայաստանում կազմվել է մի մեծ դավադրություն. մահմեդականները պատրաստվել են հայերին կոտորելու և հայերը Բեկից օգնություն են խնդրում։ Այդ հենց որ լսեցին, բոլորը կատաղեցան, բոլորը վառվեցան, և առանց իմ թելադրության, իրանք պատրաստակամություն հայտնեցին Հայաստան գնալու և իրանց հայրենակիցներին օգնելու։ Այդ չափազանց ուրախացրեց ինձ. ես մինչև այսօր կարծում էի, թե Կախեթի գինին, վրացիներից ստացած անհոգությունը իսպար փչացրել է դրանց, բայց այսօր համոզվեցա, որ հայի սրտում չէ հանգչում հայրենասիրության կայծը, նա հանգամանքներից փոքր-ինչ նսեմանում է միայն, բավական է փչել նրա վրա և ահա նա կբորբոքվի, կբոցավառվի...

Վերջին խոսքերը արտասանեց իշխանը խիստ զգալի ոգևորությամբ, երևում էր, միևնույն սուրբ հուրը բորբոքվում էր և նրա սրտում։ Բայց սպարապետը բավական սառնությամբ հարցրեց․

— Ո՞վքեր են ցանկացողները։

— Այստեղ գտնվող բոլոր հայ վաճառականները․ լոռեցի Ավթանդիլ գնդապետը, մեծ Գիորգին, փոքր ֆիորգին, երևանցի կաղ Օհանեսը, շուշեցի թաքարիա իշխանը, նախիջևանցի պատանի Մոսին, շումախեցի Թադեոս բեկը, գանձակեցի Եղիազար աղան, վաղարշապատցի Հարություն տանուտերրբացի դրանցից, կան ուրիշները, որոնց դու չես ճանաչում։ Հաշվել եմ, մեր բոլորի թիվը քառասուն հոգի կլինի այստեղից դուրս գալու ժամանակ։