Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բացատրել Թամարին իր գնալու նպատակը, ի՞նչ խոսքերով հանգստացնել նրան։ Նրան խո չէ՞ր կարելի խաբել, թե ուխտ եմ գնում և շուտով կվերադառնամ։ Նրան պետք էր պարզ ասել, թե գնում եմ կրակի և արյան մեջ,— գնում եմ սարսափելի վտանգների և փորձանքների հետ պատերազմելու։ Արդյոք կդիմանա՞ր սիրող օրիորդի քնքուշ սիրտը այդ սոսկալի խոսքերին։ Արդյոք ինքն այնքան ուժ և կամքի հաստատություն կունենա՞ր, որ հաղթեր իր զգացմունքներին, որ չընկճվեր նրա արտասուքի առջև, երբ լսելու լիներ այդ խոսքերը. «Ա՛խ, մի՛ գնա... եթե քեզ մի օր չտեսնեմ, ես կմեռնեմ...»:

Հարյուրավոր այս տեսակ հարցեր ծագեցան նրա մտքումդ խռովում էին, տակնուվրա էին անում նրա սիրտը, և այն մարդը, որ մինչև այսօր ոչ մի դժվարության առջև խոնարհված չէր, այժմ գտնվում էր շվարած, շփոթված և բոլորովին անել դրության մեջ։

— Ո՛չ,— ասաց ինքնիրան երկար մտատանջությունից հետո,— Թամարը բարձր է բոլոր կանացի թուլություններից, ես այդ մտածություններով ստորացնում եմ նրա արժանապատվությունը։ Նա ինքը կներշնչե իմ մեջ իր հոգին. նա ինձ ուժ և զորություն կտա հաջողությամբ կատարելու այն մեծ գործը, որի համար հայրենիքը կոչում է ինձ։

Այդ խոսքերից հետո նա վեր առեց նամակը և կնքեց։ Հետո ներս կանչեց Աղասուն, որ ընդունարանում սպասում էր։

— Դու բոլորովին պատրա՞ստ ես,— հարցրեց նրանից:

— Պատրաստ եմ, ձին բակումը սպասում է, այս րոպեի, կարող եմ ճանապարհ ընկնել,— պատասխանեց սուրհանդակը, ընդունելով նամակը և դնելով իր կաշյա թղթապահի մեջ։

— Գիտե՞ս, Աղասի,— ասաց նրան Բեկը,— եթե դու այդ նամակը կորցնելու լինես, եթե դա մեր թշնամիների ձեռքը անցնելու լինի, այն ժամանակ շատ բան կկորցնենք։

— Այդ մասին անհոգ կացեք, տեր իմ, Աղասին երեխա չէ: Տեսնո՞ւմ եք այս հագուստը, որի մեջ մտել եմ, այս հագուստով ես անհուն գազանների բանակի միջով կարող եմ անցնել և հասնել մինչև մեր երկիրը։

Նա ոտքից ցգլուխ հագնված էր լեզգու ձևով։

— Ուրեմն մի ուշացիր, բարի ճանապարհ եմ ցանկանում քեզ,— ասաց Բեկը, տալով նրան մի քանի ոսկիներ` ճանապարհին ծախսելու համար։