Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Պետք չէ,— պատասխանեց Աղասին հրաժարվելով,— եթե ճանապարհին փող հարկավոր լինի, ես կարող եմ ճարել:

— Ի՞նչ կերպով:

— Մեկի վզակոթին կտամ ու ձեռքից կառնեմ։

— Այդ լավ չէ, Աղասի,— ասաց Բեկը ծիծաղելով։

— Ո՞վ է ասում, որ լավ է, բայց ի՞նչ պետք է արած, այդ իմ սովորությունն է...— պատասխանեց քաջասիրտ ավազակը, և խոնարհվելով գրկեց Բեկի ոտները։

— Մի՛ ուշացեք, տեր իմ, շուտ եկեք, ամեն մի կորցրած րոպեն թանկ է մեզ համար,— ասում էր նա աղերսելով,— հայոց խեղճ ժողովուրդը սպասում է ձեզ...

Բեկը սաստիկ շարժված այդ խոսքերից, ձեռքը տարավ, վեր բարձրացրեց նրան։ Նրա զարմանքը մեծ եղավ, երբ նկատեց երիտասարդի աչքերում արտասուք։ Նրա ձեռքը բռնելով, ասաց նրան.

— Եթե հայոց բոլոր գյուղացիները քո սիրտն ու քաջությունը կունենային, այն ժամանակ մեր աշխարհը կորած չէր լինի։ Գնա՛, դարձյալ բարի ճանապարհ եմ ցանկանում քեզ։ Իսկ ես մի շաբաթից հետո իմ հայրենիքում կլինեմ։

Երիտասարդը, կրկին և կրկին գլուխ տալով, հեռացավ: Դրսում մթին գիշեր էր։ Բեկի ծառաները, սպասավորները, աղախինները հավաքված բակում, սպասում էին նրան։ Մի քանի օրվա մեջ Աղասին այն աստիճան ընտելացավ նրանց հետ, որ ամենքը խիստ ցավելով բաժանվեցան նրանից։ Նա բոլորին մնաք բարով ասելով, խաչակնքեց երեսը, նստեց ձիու վրա և անհետացավ գիշերային խավարի մեջ։

ԺԶ

Մեծ պարոնի տան մեջ արդեն բոլորը խոսում էին Բեկի ուխտագնացության մասին և ոմանք պատմում էին, թե որպիսի ծանրագին ընծաներ է տանում նա հայոց վանքերի ու եկեղեցիների համար։ Միայն Թամարը դեռ ոչինչ չէր լսել, բայց նրան սաստիկ անհանգստացնում էր այն հանգամանքը, որ մի քանի օր շարունակ չէր տեսել իր սիրելիին։

Գիշերից բավական անցել էր. աքաղաղները սկսել էին խոսել։ Մեծ պարոնի տան մեջ բոլորը քնած էին, բացի Թամարից: Նա առանց հանվելու պառկել էր իր անկողնի վրա և տխուր մտահուզության