Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տենդային մտատանջությունից հետո, վերջապես վճռեց կքել նամակը և հանձնել Աղասուն:

Օրիորդը դեռ նայում էր իր դիտարանից։ Նա տեսնում էր, թե ո՛րպես Բեկը սուրհանդակի գնալուց հետո սաստիկ հուզված էր էր, ո՛րքան օտարոտի կերպով վառվում էին նրա վրդովմունքով էի աչքերը, ո՛րքան անհանգիստ կերպով նայում էր նա թղթերի մի կապոցի վրա, որ դրած էին նրա մոտ: Հետո տեսավ, թե ինչպես նա մոտեցավ ճրագին և սկսեց գրել։ Որքա՜ն գունաթափ, որքա՜ն սոսկալի էր նրա դեմքը ճրագի լույսի առջև։

Օրիորդը երկար նայել չկարողացավ։ Նրա ոտները դողդողացին, փոքր էր մնում, որ պիտի ցած գլորվեր։ Նա լարեց իր վերջին ուժերը, մի ձեռքով պատը բռնելով, մյուս ձեռքով սկսեց բախել լուսամուտը։ Բեկը ոչինչ չլսեց։ Նա սաստկացրեց զարկը: Բեկը այժմ լսեց, բայց կարծելով, թե քամին է, դարձյալ շարունակեց իր գրելը։ Քանի րոպեից հետո նա լսեց իր անունը,— «Դավի՜թ»... Ծանոթ ձայնի մեղմ հնչյունները, կարծես, հասան մինչև նրա սրտի խորքը։ Նա մի կողմ ձգեց գրիչը և շտապով վազեց դուռը բաց անելու:

ԺԷ

Բեկը ամենը հասկացավ։ Թամարի խառնված գիսակները, ծվատված, արյունոտ ձեռքերը, ցեխոտված, փոշոտված հագուստը, գունաթափ դեմքը, բոցավառ աչքերը ավելի պարզ խոսում էին այն սաստիկ հոգեկան վրդովմունքի մասին, որ նրան այն ահագին գիշերային պահուն բերել էր իր բնակարանը։ Նա խելագարի նման կախվեցավ Բեկի պարանոցից և երկար բաց չէր թողնում իր գրկից։ Սրտի սաստիկ հուզմունքը խլել էր նրանից լեզվի ընդունակությունը: Նա մի բառ անգամ չկարողացավ արտասանել. միայն ալեկոծված կուրծքից երբեմն դուրս էին թռչում խուլ հառաչանքներ և լսելի էին լինում մթին, անորոշ բացականչություններ։ Աչքերում արտասուք չկար։

— Եթե կարողանայի լաց լինել, ես կհանգստանայի,—ասաց նա, թաքցնելով իր երեսը Բեկի կուրծքի վրա։

Երիտասարդը նույնչափ խռովության մեջ լինելով, ոչինչ չպատասխանեց, միայն նստեցրեց նրան թախտի վրա, ինքն էլ տեղավորվեցավ նրա մոտ, օրիորդի դողդոջուն ձեռքերը բաց չթողնելով իր ձեռքերի միջից: