մոր անհոգությունը ավելի ազատություն էր տալիս ինձ։ Ես աճեցի, զարգացա, որպես մի վայրենի եղջերու: Բոլոր հեքիաթների, բոլոր պատումների մեջ ինձ ոչինչ այնքան չէր հետաքրքրում, որպես լեզգիների, չեչենների և չերքեզների կնիկների սովորությունները: Ես հիանում էի նրանց քաջագործությունների պատմությունները լսելիս, և միշտ մի առանձին նախանձով ասում էի ինձ ու ինձ. «Ի՞նչու ես էլ լեզգու կամ չերքեզի աղջիկ չեմ»։ Այդ բոլորը դու ինքդ լավ գիտես, Դավիթ։ Հիշո՞ւմ ես, շատ անգամ ասում էիր ինձ. «Ես սիրում եմ քեզ, Թամար, ավելի նրա համար, որ իշխանական տան թուլությունների մեջ չփչացար դու»: Այժմ ի՞նչ ես կարծում, թե ես քեզ հետ գալով, կարո՞ղ եմ քո վրա մի ծանր բեռ դառնալ։
Բեկը մեծ ուրախությամբ լսում էր մանկահասակ հերոսուհու խոսքերը, հիանում էր նրա սրտի անկեղծ զեղմունքով։ Նա գիտեր բոլորը, ինչ որ այնպես հպարտությամբ պատմում էր Թամարը, ճշմարիտ էր։ Բայց տանել իր հետ նրան, սարսափելի փորձանքների ենթարկել այդ պատվական գանձը, նա անկարող էր: Օրիորդը նկատելով նրա լռությունը, երես առած երեխայի նման, կախվեցավ նրա պարանոցից, և անհագաբար նրա երեսը, աչքերը, շրթունքը համբուրելով, սկսեց ավելի և ավելի թախանձել նրան, ասելով.
— Տա՛ր, քո հոգուն մատաղ, ինձ էլ տա՛ր, աղաչում եմ, խնդրում եմ, պաղատում եմ, ինձ էլ տա՛ր։ Մի քանի րոպե առաջ ինքդ ասեցիր, թե ինչ որ դու սիրում ես, ես էլ պիտի սիրեմ, թե մեր երկուսի մեջ միևնույն սիրտը պետք է լինի։ Ինչո՞ւ ես էլ չպիտի սիրեմ քո հայրենիքը, երբ որ դու սիրում ես. ինչո՞ւ ես էլ չպիտի արյուն թափեմ նրա համար, երբ դու քո արյունը զոհում ես։ Չէ՞ որ մեր երկուսի մեջ միևնույն սիրտն է բնակվում:
Բեկը վերջին խոսքից բռնելով, պատասխանեց նրան:
— Հենց այդ պատճառով էլ մեր երկուսիս մեջ միևնույն սիրտն է բնակվում, հենց այդ պատճառով, որ մենք երկուքս մի մարմին ենք կազմում, քո ինձ հետ չինելը ավելորդ է, այսինքն կամենում եմ ասել իսկապես դու ինձ հետ կլինես։ Որովհետև ես սրտով, հոգով, մարմնով բաժանված չեմ լինի քեզանից։ Դարձյալ քո հոգին պիտի ոգևորե ինձ, դարձյալ քո սիրտը պիտի սիրտ տա ինձ։ Ես պիտի ուժ և զորություն ստանամ, միշտ այն տպավորության տակ գտնվելով, թե Թամարը ինձ հետ է։ Մի՞թե դու չես հավատում այդ խոսքերին, որ այդ իսկապես այդպես է: Մենք