կսկսեին այստեղից հետամուտ լինել ինձ և լրտեսել իմ գործողությունը։ Իմ պլանները այնուհետև բոլորովին կխախտվեին:
— Ես այժմ համաձայն եմ քեզ հետ, ես այստեղ կմնամ և կսպասեմ քո հաջողությանը...: — Վերջին խոսքերը այնպիսի մի եղանակով արտասանեց Թամարը, կարծես նույն րոպեում նրա գլխից անցավ մի նոր և ավելի գործնական միտք: Բեկը ոչինչ չնկատեց, միայն գրկեց նրան և համբուրեց, ասելով.— իմ խելացի՜, իմ հրեշտա՛կ...— Բայց ի՞նչ միտք էր այդ. ի՞նչը համոզեց նրան հրաժարվել իր համառ պահանջից և այդպես շուտ համաձայնվել Բեկի հետ։ Թամարը կամքի տեր աղջիկ էր, նա հեշտությամբ կոտրվող պտուղներից չէր: Չի՞ցե թե նա մտածեց. «Թող գնա իմ սիրելին, ես նրան չեմ խանգարի... ես կգնամ նրա ետևից այն ժամանակ, երբ նա գործը սկսած կլինի...»: Ի՛նչ էլ որ լիներ նրա խորհուրդը, այդ միայն աստված գիտե, բայց Բեկին մեծ ուրախություն պատճառեց, որ կարողացավ վերջապես համոզել նրան:
— Ե՞րբ ես մտադիր ճանապարհ ընկնել,— հարցրեց օրիորդը:
— Բոլոր պատրաստությունները կարգի դրած եմ,— պատասխանեց Բեկը.— ինձ մնում էր ամենադժվար խնդիրը, այն է` ստանալ քո համաձայնությունը, այժմ ուրախ եմ, որ մենք հաշտվեցանք։ Ես հենց էգուց երեկոյան կարող եմ դուրս գալ այստեղից։
— Ուրեմն մի՛ ուշացիր,—շտապեցնում էր օրիորդը։ — Բայց ես պատուհանից նկատեցի, դու գրում էիր մի թուղթ, ի՞նչ թուղթ էր այն։ Դու այնքան հուզված էիր գրելու ժամանակ, որ ես կարծում եմ, մի շատ կարևոր բան պիտի լիներ:
— Որքան հետաքրքիր ես դու, Թամար, ամեն բան ուզում ես գիտենալ,— ասաց Բեկը ծիծաղելով:— Ես գրում էի իմ կտակը:
— Կտա՞կ ...— բացականչեց օրիորդը շփոթվելով.— Ինչո՞ւ համար է կտակը։
— Որ կնքած քեզ հանձնեմ, որ դու նրա կնիքը լուծես միայն այն ժամանակ, երբ իմ սպանման լուրը քեզ կբերեն: Խո կարո՞ղ է պատահել, որ ինձ սպանեն։
— Կարող է պատահել... — տխրությամբ ասաց օրիորդը։ — Բայց դու կասե՞ս ինձ այդ կտակի բովանդակությունը։
— Այժմ ոչ, բայց երբ կմեռնեմ, բոլորը կարող ես գիտենալ:
— Երևի քո կայքերի, քո ճորտերի մասի՞ն է,— դարձյալ հետաքրքրությամբ հարցրեց օրիորդը: