Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կդառնան ու մեզ հանգիստ կթողնեն»։ Բայց նրանք սխալվեցան իրանց հիմար հաշիվների մեջ։

Նոր Ջուղան Սպահանի արվարձանը լինելով, պետք էր առաջ նրան տիրել և հետո անցնել բուն քաղաքին։ Ջուղայի հայերը, հավաքելով իրանց մնացած ուժերը, սկզբում քաջությամբ պաշտպանվեցան։ Բայց որովհետև չունեին ոչ թնդանոթներ և ոչ բավականաչափ ռազմամթերք, այդ պատճառով ստիպվեցան վերջը անձնատուր լինել։ Չորս օր անցել էր, որ ավզանները տիրել էին Ջուղային, բայց դեռ հայերի ոչ քալանթարը, ոչ դարուղան և ոչ էլ քեդխուդաները չէին գնացել հաղթող Մահմուդին երկրպագելու և իրանց հպատակությունը նրան հայտնելու։ Այդ սաստիկ գրգռեց ավզան բռնապետի բարկությունը և հրամայեց բոլոր հայերին կոտորել։ Բայց հայոց գլխավորները իրանց արդարացրին նրանով, որ Մահմուդի ոտները ընկնելով, հայտնեցին, «Մեր ընտանիքները պահված են Սպահանի մեջ իբրև պատանդ, եթե մենք ձեզ մոտ գալու» լինեինք, շահը կհրամայեր՝ մեր կնիկներին, մեր զավակներին կկոտորեին»։ Այդ իրավացի պատճառները թեև ամոքեցին Մահմուդի բարկությունը, բայց դարձյալ հրամայեց նա հայերից առնել 70,000 թուման տուգանք։ Ահա ինչպես է նկարագրում մի ժամանակակից ականատես իր հիշատակարանի մեջ հիշյալ ահագին գումարի հավաքման եղանակը, «Այն րոպեում նշանակեցին հարկահաններ և ուղարկեցին 70,000 թումանը հավաքելու։ Հարկահանները Ջուղայի քալանթարի և քեդխուդաների հետ սկսեցին ման գալ տնից տուն և հավաքել բոլորը, որքան կնիկները ունեին, թանկագին քարեր, մարգարիտ, ոսկի, արծաթ և մետաքսեղեն կերպասներ։ Այդ բոլորը դիզեցին մի տեղում։ Մետաքսեղեն կերպասները, արծաթը ընդունեցին քառորդ գնով։ Մեկ մսխալ ոսկուն նշանակեցին 1000 դիան [1] գին։ Թանկագին քարերը, մարգարիտը և ոսկին կշռում էին այնպիսի կշիռքով, որը միայն գարի կշռելու համար էին գործածում։ Դրանց հետ ավղանները տարան 62 աղջիկներ։

Բացի դրանցից, գուղայեցիներից առնվեցավ 5000 կտոր ատլաս, ղութնի, մահուդ, շալեր, և զանազան զգեստներ, որ բաժանեցին զորքերին։ Այլև առեցին նրանցից բազմաթիվ վերմակներ, բարձեր, անկողիններ, այդ բոլորը պատրաստված էր մետաքսից, դութնիից և ատլասից։ Այլևս չեմ խոսում եկեղեցիների թանկագին անոթների և սուրբ սպասների հափշտակության մասին, որ կողոպտեցին ավղանները

  1. 1ՕՕՕ դիանը հավասար է 30 կոպեկի։