Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարերով ճնշել էր նրանց։ Բայց նրանք մտածում էին, թե իրանց պետք է հովանավորող ձեռք, մի արտաքին զորեղ պաշտպանություն։ Այղ պատճառով ամենի աչքը դարձրած էր դեպի Պետրոս մեծը։

Պարսկաստանի հայերը շատ հին ժամանակներից հարաբերություններ ունեին ռուսաց արքունիքի հետ, իսկ Ալեքսեյ Միխայլովիչ թագավորի օրերում նրանց հարաբերությունները ավելի կանոնավոր ձև ստացան։ Սպահանի հայերը, որ այն ժամանակ մեծ դեր էին խաղում հնդկա-եվրոպական վաճառականության մեջ, ոչ սակավ անգամ ուղարկում էին իրանց պատվիրակներին հիշյալ թագավորի մոտ, կապում էին նրա հետ զանզան առևտրական դաշնագրեր և ստանում էին նրանից զանազան արտոնություններ իրանց Ռուսաստանի վրայով դեպի Եվրոպա կատարած վաճառականության վերաբերությամբ։ Ամեն անգամ, երբ հայոց պատվիրակները հայտնվում էին ռուսաց արքունիքում, բերում էին իրանց հետ թանկագին ընծաներ. դրանցից մեկն էր․ այն գեղեցիկ բազկաթոռը, շինված արծաթից և ոսկուց, զարդարած խոշոր ալմաստներով, յաղութներով, մարգարիտներով ու ֆիրուզաներով, որը Սպահանի մի առևտրական ընկերության կողմից Խոջա-Զաքար Սարհադյանցը մատուց Ալեքսեյ Միխայլովիչին։ Բացի վաճառականական հարաբերություններից, Սպահանի հայերը ռուսների արևելյան քաղաքականության մեջ նույնպես մեծ դեր էին խաղում։ Նրանք շատ անգամ լինում էին միջնորդներ ռուսաց արքունիքի և պարսից դռան մեջ, պայմաններ էին կապում և վճռում էին այլ և այլ խճճված գործեր։

Պետրոս մեծի թագավորության ժամանակ Պարսկաստանի հայերի հարաբերությունները ռուսաց արքունիքի հետ ավելի ևս ամրապնդվեցան։ Մեծ թագավորի նախորդները գտնում էին հայերի մեջ ավելի առևտրական ընդունակություններ և նրանց ձեռքով կամենում էին վաճառականությունը Ռուսաստանում զարգացնել։ Իսկ Պետրոս մեծը, բացի այդ ընդունակություններից, գտավ հայերի մեջ բոլոր այն հատկությունները, որ կարող էին նպաստել նրան իր աշխարհակալությունները դեպի արևելք տարածելու։ Կասպից ծովի վրա լողում էին հայերի բազմաթիվ նավերը։ Արևելքի ամբողջ արդյունաբերական աշխարհը նրանց ձեոքումն էր։ Հնդկաստանի բոլոր նշանավոր առևտրական կենտրոններում նրանք ունեին կալոնիաներ։ Ջավա, Սումատրա և Փիլիպյան կղզիների վրա նրանք տեղափոխվեցան դեռ XVI գարու վերջերում, իսկ Մադրասի