Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ձեռքդ տուր ինձ, տիկին,— ասաց նրանցից մեկը, որը երևում էր, տղամարդ էր,— այդ ճանապարհը անծանոթ է քեզ, դու անդադար սայթաքվում ես:

— Շնորհակալ եմ, Ահմեդ, այսպես էլ կարող եմ գնալ,— պատասխանեց մի վշտալի կանացի ձայն,— դու միայն առաջ գնա և ճանապարհը ցույց տուր ինձ։

Նեղ շավիղը, որի վրայով անցնում էին նրանք, տեղ֊տեղ կորչում էր թուփերի և մացառների մեջ։ Ծակոտող փուշերը պատառոտում էին նրանց հագուստը և երբեմն ծվատում էին նրանց մարմինը, բայց նրանք, կարծես, ոչինչ չէին զգում և շարունակում էին իրանց ճանապարհը։ Անցնելով մի քանի կիրճեր, մի քանի դժվարին դարուփոսեր, նրանք հասան մի տեղ, ուր լեռան քարաժայռերը գոգավորված էին, կազմելով այրի նման մի ահագին խոռոչ։ Նրա մուտքի առջև պառկած, խռմփում էին մի քանի պահապաններ։ Տիկինը կանգնեց փոքր-ինչ հեռու, իսկ նրա ուղեկից տղամարդը մոտենալով, զարթեցրեց պահապաններից մեկին։

— Բաց արա դուռը,— ասաց նրան հազիվ լսելի ձայնով։

Այդ դուռ կոչվածը մի ահագին սալ էր, որով փակած էր այրի նեղ մուտքը։ Ուժեղ պահապանը, թիկն տալով, մի կողմ գլորեց ծանր սալը և մուտքը բացվեցավ։ Այդ միջոցին տիկինը, ավելի զգույշ կերպով փաթաթվելով իր այրացի վերարկուի մեջ, մոտեցավ այրին և ներս մտավ։ Նրա հետ եկող տղամարդը, որ կանանոցի ներքինապետն էր, պատվիրեց պահապանին հսկել մուտքի մոտ և ոչ ոքի ներս չթողնել: Պահապանը, որի ամեն ձևերից երևում էր ակնածություն և խոնարհություն դեպի այդ մարդը, խոստացավ, թե կկատարե նրա հրամանը։

Այրի մեջ տիրում էր մթին խավար։ Կարծես նրանք իջնում էին մի ստորերկրյա տարտարոսի մեջ։ Մի քանի քայլ առաջ գնալուց հետո, տղամարդը կանգնեց, և չախմախը զարկելով կայծքարին, վառեց աբեթը, որով կպցրեց ծծումբի մեջ թաթախած լուցկին, և նրանով վառեց ձեռքի փոքրիկ լապտերը, որ իր հետ ուներ բերած։ Մռայլ լույսը տարածվեցավ այրի մթին կամարների մեջ։ Այդ ստորերկրյա զնդանը ոչխարների աղըլ[1] էր, ուր պատսպարվում էին հովիվների հոտերը աշնան և ձմեռվա փոթորիկների ժամանակ, իսկ ամառը մնում էր դատարկ։ Այդ ժամանակ

  1. Աղըլ կոչվում են այն գոմերը, որ գտնվում են լեռների մեջ և ծառայում են որպես անասունների փարախ, տարվա ցուրտ եղանակների ժամանակ. նրանք ըստ մեծի մասին լինում են բնական այրեր: