Խիստ ճիշտ է նկատում մի գրող, որ իրանք` վրացիները այնքան գեղեցիկ աղջիկներ տարան Պարսկաստան[1], որ պարսիկների ցեղը ազնվացրին։
Պարսից Շահ-Սեֆի 1֊ի և օսմանցոց Սուլթան Մուրադ IV-ի ժամանակ (1636 թ.) Վրաստանը բաժանվեցավ պարսիկների և թուրքերի մեջ: Կարթալինան և Կախեթիան դարձան պարսկական նահանգ, իսկ Ախալցխայի նահանգը և Վրաստանի ամբողջ արևմտյան մասը ընկավ Թուրքերի իշխանության ներքո[2], Ախլցխան դարձավ Թուրքերի գլխավոր բերդաքաղաքը, և այստեղից մահմեդական իշխանության հետ նրանց ազդեցությունը տարածվեցավ Իմերեթիայի, Մենգրելիայի, Գուրիայի և Աբխազիայի վրա։ Ղորանը փոխարինեց Ավետարանին։ Մոլեռանդ թուրքերը ամեն տեղ մտցրին իրանց հոգևորականներին, սկսեցին հալածել քրիստոնեությունը և տարածել մահմեդականություն[3]: Թուրքերը ավելի խստություններ էին գործ դնում կրոնի վերաբերությամբ, քան թե պարսիկները։ Թուրքաց նահանգապետ Ասլան֊փաշայի կառավարության ժամանակ (1659-1679) այդ կողմերի ազնվականները, մահմեդականություն ընդունելով, ստանում էին «բեկ», «փաշա», «աղա» տիտղոսները և պաշտոններ էին վարում որպես թուրքերի ներկայացուցիչներ։ Վրաստանը այդ ժամանակներում ընկած էր երկու կրակների մեջ.— մի կողմից պարսիկները, մյուս կողմից թուրքերը։ Դեպի ո՛ր կողմը երեսը շուռ էր տալիս, այրում էր...: Վրաց ազնվականները իրանց դիրքը պահպանելու համար, երբ պարսիկներից հուսահատվում էին, դիմում էին դեպի թուրքերը, իսկ երբ այդ վերջիններից հուսահատվում էին, դիմում էին դեպի պարսիկները։ Ամեն տեղ կրոնափոխությունը մեծ դեր էր խաղում պաշտոններ և իշխանություն ձեռք բերելու համար։ Վերջին ժամանակներում նրանք ծանոթացան ռուսաց կառավարության հետ և երբեմն
- ↑ Վախթանգ VI-ի եղբայր Յասսեն, որ կոչվում էր Ալի-Ղուլի-խան (վրաց երևելի Անտոն կաթողիկոսի հայրը) պարսից Հյուսեին-շահից ստացավ Կարթալինիայի կառավարությունը, խոստանալով ուղարկել նրան որպես ընծա 500 ընտանիք վրացիներ, այլև իր եղբայր Վախթանգի ամբողջ ընտանիքը։ Վախթանգի ընտանիքը ազատեցին, փախցնելով Իմերեթիայի կողմերը` Ռաճա, իսկ մնացյալ 500 ընտանիքը թաքնվեցան լեռների մեջ, երբ լսեցին այղ անզգամի գալուստը։
- ↑ Փոփոխություններ լինում էին, որ երբեմն պարսիկները տիրում էին թուրքերի ձեռքում գտնված երկրները, իսկ երբեմն թուրքերն էին տիրում պարսիկների ձեռքում գտնված տեղերը։
- ↑ Այժմյան աջարացիք, լազերը, ենդիլոյները և զանազան մահմեդական լեռնաբնակներ գլխավորապես այն ժամանակների արդյունք են: