Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


անձամբ կամ խնդիրքներով դիմում էին ռուսաց թագավորներին, որ իրանց օգնեն[1]։

Դավիթ Բեկի Վրաստանում գտնված ժամանակվա վերջին տարիներում այնտեղ կային երեք նշանավոր իշխանություններ՝ Իմերեթիայի իշխանությունը, որ կառավարում էր Ալեքսանդր V-ը, որպես թուրքաց ներկայացուցիչ, Կարթալինիայի իշխանությունը և Կախեթիայի իշխանությունը, որոնք կախումն ունեին պարսից կառավարությունից։ Մենք կխոսենք վերջին երկուսի մասին։

Կարթալինիայի իշխանության կենտրոնը Թիֆլիսն էր. այստեղ Մետեխի բերդի մեջ կանգնած էր մի ամբողջ գունդ պարսկական պահապան զորք, որը միևնույն ժամանակ հսկում էր թե քաղաքի և թե վրաց իշխանի գործողությունների վրա։ Այդ գունդը պահվում էր այնտեղ սկսյալ այն օրից, երբ Վրաստանը պարսկական նահանգ դարձավ։

Դավիթ Բեկը իր մանկության հասակում բերվեցավ Մցխեթ ավանը, որ այդ ժամանակ դադարել էր Վրաստանի մայրաքաղաք լինելուց։ Այստեղ առաջին անգամ ծանոթացավ նա Վախթանգ VI-ի[2] հետ, որը հալածված իր եղրոր Յասսեի (Ալի-Ղուլի-խանի) չարագործություններից, անպաշտոն առանձնացել էր Վրաստանի հին մայրաքաղաքում։ Սկզբում նա վարում էր լի զվարճություններով անհոգ կյանք և անձնատուր էր եղած արբեցողության։ (Մեր վեպի երկրորդ գրքում հիշված «մեծ պարոնը» նույն իսկ այդ Վախթանգն է)։ Հետո նա մոտենալով Մցխեթի աբեղաներին, սկսեց պարապվել վրաց գրականությամբ և օրինավոր կյանք վարել։ Դավիթ Բեկը այդ


  1. Վախթանգ V-ի (Շահնավազի) որդի Արչիլը մահմեդականություն ընդունելով և կոչվելով Մուրթուղա-Ալի-խան, պարսից կառավարությունից ստացավ Կախեթիայի իշխանությունը։ Երթ պարսիկները վերջը խլեցին նրանից այդ իշխանությունը, նա վեր առեց իր հետ մի ցանի սրբություններ — Հիսուս Քրիստոսի սպանման գեղարդը, թաղման պատանքը — դիմեց ռուսաց թագավոր Ֆեոդոր Ալեքսեևիչին և իր ուղղափառության բարեպաշտությունը ցույց տալով, պաշտպանություն խնդրեց։ Հուսացած օգնությունը չգտնելով, նա իր գլխին թուրքի չալմա փաթաթեց և դիմեց թուրքաց կառավարությանը։
  2. Այստեղ մի պատմական անճշտություն կա, որ մենք հարկավոր ենք համարում պարզել. մեր պատմադրները Դավիթ-Բեկին Վախթանգ V-ի ժամանակումն են դնում և շփոթում են նրան Վախթանգ VI-ի հետ, որը առաքինի թոռն էր, այսինքն նրա որդի Լևոն-խանի որդին, Վախթանդ V-ի օրերում դեռ Դավիթ- Բեկը ծնված չէր։ Նա մեռավ Պարսկաստանում 1675 թվին. այդ ժամանակ Դավիթ-Բեկը Վրաստանում չինել չէր կարող։ Նա եկավ Վրաստան Վախթանգ VI-ի ժամանակ, որը նույնպես շահնավազ (շահի հավանած) տիտղոս էր կրում, որպես իր պապը։