Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


տիրել Կարթալինիային և ամբողջ Վրաստանի իշխանը դառնալ։ Այստեղից ծագում էին բոլոր երկպառակությունները, որ տակնուվրա էին անում երկիրը։

Վախթանգը նեղվելով իր թշնամիներից, խնդիրքով դիմեց ռուսաց թագավոր Պետրոս մեծին, առաջարկեց իր հպատակությունը և սկսեց նրանից օգնություն խնդրել։ Այդ բավական փաստ էր Կոստանդինի համար մատնել նրան պարսից կառավարության առջև, թե նա խաբում է շահին, թե նա անունով միայն մահմեդական է, իսկ սրտով քրիստոնյա է և գաղտնի բանակցություններ ունի ռուսաց թագավորի հետ, կամենում է Վրաստանը դուրս բերել պարսից իշխանությունից և հանձնել ռուսներին։

Վախթանգը այժմ ստիպված էր երկերեսանի դեր խաղալ, մի կողմից պահպանել իր հարաբերությունները ռուսների հետ, մյուս կողմից արդարացնել իրան պարսից կառավարության առջև, թե ինքը պարսից հավատարիմ հպատակ է, թե Կոստանդինի հաղորդածները բոլորը զրպարտություն են, թե նա դիտավորություն ունի իր երկրին ևս տիրելու, այս պատճառով չարախոսություններ է անում, և այլն։ Ռուսաց կառավարությանը ուղղած թղթերի վրա Վախթանգը ստորագրում էր «թագավոր Վրաստանի», իսկ պարսից կառավարությանը ուղղած թղթերը ստորագրում է «վալի»[1] Պարսկաստանի։

Մինչ Վրաստանը այդ խռովությունների մեջ տակնուվրա էր լինում, Սյունյաց աշխարհում հայոց ապստամբները պատրաստվում էին։ Էջմիածնի Աստվածատուր կաթողիկոսը, որը գաղտնի ուժ էր տալիս ապստամբությանը, աշխատում էր կազմել վրացիներից և հայերից մի ընդհանուր միություն, որ միասին կռվեն պարսիկների դեմ։ Բայց այդ նպատակին հասնելու համար նախ պետք էր, որ Վրաստանի մեջ երկպառակությունները դադարեին, վրացիները միմյանց հետ միանային, որ հետո կարելի լիներ կայացնել նրանց հայերի հետ միությունը։ Այս մտքով հայոց կաթողիկոսը անձամբ Վրաստան գնաց, որ Վախթանգին հաշտեցնե Կախեթիայի իշխան Կոստանդինի հետ։ Բայց չնայելով կաթողիկոսի եռանդուն աշխատությանը, հաշտությունը չկայացավ։ Մինչև անգամ Կոստանդինը թշնամացավ կաթողիկոսի հետ և նրա նամակներր բռնելով, մատնեց պարսից կառավարությանը, որից կաթողիկոսը

  1. «Վալի» կոչվում են որևիցե վիլայեթի կամ նահանգի կառավարիչները․ Իսկ պարսից վալիները ավատական իշխանների նշանակություն ունեին։