Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ձեռք բերել Վրաստանի մայրաքաղաքը, և ռուսներից հուսացած օգնությունը չգտնելով, իր եղբայր Յասսեին ուղարկեց Ախալցխայի թուրքից Իսակ փաշայի մոտ և նրանից օգնություն խնդրեց։ Բայց դավաճան Յասսեն, փոխանակ հօգուտ իր եղբոր աշխատելու, առաջարկեց թուրքերին իր ծառայությունը, թե կառաջնորդե նրանց Թիֆլիսը գրավելու, միայն թե իրան այնտեղի կառավարիչ նշանակեին։ Այդ չարագործը, որ մի ժամանակ Կարթալինիայի իշխանությունը ստանալու համար, պարսիկներին իր հպատակությունը առաջարկելով, ընդունել էր Ալիի կրոնը և կոչվում էր Ալի-Ղուլի-խան,— այժմ միևնույն իշխանությունը ձեռք բերելու մտքով, և թուրքերից օգնություն գտնելու համար, ընդունեց թուրքաց Օմարի կրոնը և կոչվեցավ Մուստաֆա-փաշա։

Եվ այսպես, Կոստանդինի իշխանությունը Թիֆլիսում երկար չտևեց, որովհետև Իսակ-փաշան Յասսեի առաջնորդությամբ եկավ, տիրեց Թիֆլիսը, և Կոստանդինին բռնելով, բանտարկեց։ Նրան ազատեց բանտից մելիք Աշխարատը[1], գիշերով Կուր գետի վրա նավակ կանգնեցնելով, և Կոստանդինին նրա մեջ իջեցնելով, փախցրուց։ Դրա համար Իսակ-փաշան հրամայեց մելիքին գլխատեցին։

Վրաստանը այժմ պարսիկների ձեռքից դուրս գալով, ընկավ թուրքերի իշխանության ներքո (1724 թ.) կառավարում էր Իսակ փաշան։ Իսկ դավաճան Յասսեն իր նպատակին չհասավ, որովհետև օսմանցիք փոխանակ Թիֆլիսը նրան հանձնելու, հանձնեցին Վախթանգի որդի Բակարին։ Այս վերջինս էլ տեսնելով, որ պարսիկների դարը անցավ, ընդունեց թուրքաց կրոնը, և իր գլխին օսմանցոց չալմա փաթաթելով, կոչվեցավ Իբրահիմ-փաշա։— Ահա այդ էր վրացոց երևակայական թագավորությունը։ Նրա իշխանները պարսից տիրապետության ժամանակ՝ պարսից կրոնն էին ընդունում և պարսից խաների անունով էին կոչվում, իսկ օսմանցոց տիրապետության ժամանակ՝ թուրքաց կրոնն էին ընդունում և թուրքաց փաշաների անունով էին կոչվում։

Այդ բոլոր դժբախտություններից հետո Վախթանգը իր ընտանիքով և 1400 հոգով գնաց Ռուսաստան։ Նա չգտավ Պետրոս մեծին կենդանի, նրան պատվով ընդունեց Եկատերինա կայսրուհին։ Վերջը մեռավ Պարսկաստանում, և մարմինը բերվելով թաղվեցավ Հաշտարխանում։

  1. Այդ մելիք Աշխարատը իշխան Բեհբուդյանների պապն էր։