Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլխաորապես կաթողիկոսի հետ տեսնվելու նպատակով։ Այդ մարդը «շարժման» եռանդոտ և ամենաջերմ գործիչներից մեկն է, ասաց նա, ավելացնելով, թե հայերը միշտ հրաշքներ են գործել, երր հոգևոր գլուխները միացած են եղել ժողովրդի ներկալացուցիչների հետ։

— Այստեղ նույնպես ունենք մի ամենալավ եկեղեցական, որի վրա կարելի է հույս դնել,— ընդհատեց իշխանը Բեկի խոսքը։

— Ո՞վ է։

— Տաթևի վանքի Ներսես արքեպիսկոպոսը։ Ես ամեն ինչ հայտնել եմ նրան, և նա մեծ անհամբերութլամր սպասում էր քո գալստյանը։

— Ներսեսին հավատալ կարելի է. մեր պատմության մեջ Ներսեսները ներկայացնում են միշտ պայծառ բացառություններ։ Արեգակը վաղուց մայր էր մտել, բայց վրաններից ոչ մեկի մեջ դեռ ճրագ չէր երևում։ Լուսնկա գիշերը բավական պարզ էր։ Բեկի և իշխանի մեջ խոսակցությունը ընդհատվեցավ, երբ հեռվից լսելի եղավ սուլելու խորհրդավոր ձայն։ Բեկը ավելի ուշադրությամբ ականջ դրեց, երբ ձայնը կրկնվեցավ։ Այդ միջոցին երկու ձիավորներ, ամենայն թափով իրանց նժույգները վազեցնելով, մտան ձորի մեջ և մոտեցան Բեկի վրանին։ Եկվորները նրա մարդիկն էին, մեկը մեծ Գիորգին, մյուսը փոքր Գիորգին։ Նրանք ուղարկված էին Կարա-չոռլուների կեցած տեղի դիրքերը հետազոտելու։ Բեկը իսկույն իմացում տվեց իր ծառաներից մեկին, որ Մխիթար սպարապետին և Բայինդուր իշխանին կանչեն իր մոտ։

Երբ նրանք եկան, Բեկը ծանոթացրեց Ստեփաննոսին նրանց հետ, ասելով․

— Ահա այն մարդը, որ մեզ հրավիրել էր այստեղ — իշխան Ստեփաննոս Շահումյանը։

Բայինդուր իշխանը թեք աչքով նայելով նրա վրա, ասաց.

— Դուք կանչեցիք, մենք եկանք, եթե այս րոպեիս ինձ հինգ հազար հրացանավոր չտաք, պարսից թագավորի «բաթման ղլիճը» քեզ հինգ հազար կտոր կանե։

Բոլորը ծիծաղեցին։ Այդ միջոցին մեծ Գիորգին և փոքր Գիորգին նույնպես մտան Բեկի վրանը։ Սկսվեցավ խորհուրդը գիշերային արշավանքի մասին Կարա-չոռլուների ցեղի վրա։