Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ե

Առավոտ էր, վաղորդյան այն ժամը, երբ մութը դեռ չէր բաժանվել լույսից։ Տաթևի վանքի առաջնորդարանի դուռը կամաց բացվեցավ. մի բարձրահասակ աբեղա հայտնվեցավ շեմքի վրա։ Նա աչք ածեց իր շուրջը, ոչ ոք չէր երևում։ Ամբողջ միաբանությունը դեռ քնած էր։ Վեղարը ավելի ցածր թողնելով աչքերի վրա, նա սկսեց դիմել դեպի վանքի շրջապարիսպի մեծ դուռը։ Դռնապանը փաթաթված իր վերարկուի մեջ, նույնպես քնած էր։ Չզարթեցնելով նրան, աբեղան հանեց իր գրպանից մի բանալի, բաց արեց ահագին երկաթե կողպեքը, որ քարշ էր ընկած նույնպես երկաթե սողնակից։ Երկփեղկյա մեծ դուռը նրա ոտքի մի հարվածով հետ-հետ գնաց։ Նա դուրս եկավ և իր ետևից կրկին կողպեց դուռը։

Վաղորդյան լռությունը սքանչելի էր. ամեն ինչ չորս կողմում դեռ նիրհում էր քաղցր, խաղաղ անդորրության մեջ։ Նա աչքերը դարձրեց դեպի արևելք, տեսնելու, արդյոք շա՞տ էր մնացել մինչև արևի ծագելը։ Արշալույսը դեռ նոր էր սկսել պարզվել։ Հետո դիմեց նա դեպի վանքի մերձակա բլուրներից մեկը, բարձրացավ նրա գագաթի վրա։ Այստեղից սկսեց նայել դեպի նեղ ճանպարհը, որ ոլոր-մոլոր պտույտներով բարձրանում էր դեպի վանքի զառիվերը։ Ոչ ոք չէր երևում։ Իսկ նա արձանի պես կանգնած, երկար նայում էր։ Վաղորդյան մռայլը թույլ չէր տալիս խիստ հեռուն նշմարել. նա այժմ լարեց իր լսողության բոլոր ուժը։ Արդյոք չէ՞ր լսվում մի որևիցե ոտնաձայն, արդյոք ճանապարհի վրա ոչ ոք չէ՞ր գալիս։

Դա մի բարձրահասակ աբեղա էր, որի փառավոր սև մորուքի մեջ դեռ նոր երևում էին հատ-հատ սպիտակ մազեր։ Նրա նույնպես սև և խոշոր աչքերը դեռ պահպանել էին երիտասարդական փայլը։ Փոքր-ինչ թուխ դեմքը արտահայտում էր տաք, եռանդոտ, անվեհեր բնավորություն։ Իսկ այժմ նրա կրակոտ աչքերում կարելի էր նկատել սաստիկ անհանգստություն, որ ավելի բարկության նշան էր, քան թե հուսահատության։ «Ի՞նչ եղան... հիմա պետք է եկած լինեին... ինչո՞ւ ուշացան... — կրկնում էր իր մտքում անհամբերությամբ։

Երկար սպասելուց հետո, երբ նկատեց, ոչ ոք չէ երևում, ցած իջավ բլուրից և վերադարձավ վանքը։ Այժմ միայն նա զարթեցրեց դռնապանին, պատվիրելով.

— Արթուն եղիր, երբ դռան ձայնը կլսես, շուտ բաց արա ու ինձ իսկույն իմացում տուր։