Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Մի լավ մտածենք, թե ինչ էինք առաջ, իսկ ինչ ենք այժմ: Այդ երկու համեմատությունների մեջ երկնքից մինչև գետինք հեռավորություն կա: Մեր ներկան ոչինչով չէ նմանում մեր անցյալին:

Մենք ապրում ենք Սյունյաց աշխարհում: Այդ երկիրը իր բնական հատկանիշներով միշտ պահպանել է մի առանձնական, ինքնուրյուն դրություն Հայաստանի մյուս նահանգների վերաբերությամբ: Սկսյալ մեր Սիսակ նահապետի օրերից, Հայոց իշխանությունը անպակաս է եղել մեր երկրից: Հայաստանում երբեմն ընկել է Հայոց թագավորությունը, երբեմն կանգնել է, երբեմն անիշխանություն է տիրել, երբեմն օտարներն են տիրել,— բայց Սյունյաց աշխարհը պահպանել է իր առանձին պատմությունը և խիստ սակավ անգամ ենթարկվել է Հայաստանում պատահած փոփոխություններին: Մենք ունենք թագավորների ու իշխանների մի երկայն շարք, որոնք միմիայն մեր աշխարհին են պատկանում: Բայց այժմ ո՞ւր են նրանք: Ո՞ւր են այն քաջերը, որոնք պարսիկներին, հոներին, արաբներին, թաթարներին սարսափեցնում էին: Ո՞ւր են մեր աշխարհի բազմամարդ քաղաքները, հազարավոր գյուղերը, անառիկ բերդերը: Ո՞ւր է մեր անկախությունը:

Մի՞թե դուք չեք լսում Վարդանի դառն հանդիմանությունը. մի՞թե նա չէ ասում մեզ. «Անարի՜ և վա՜տ մարդիկ, դուք այնքան թույլ գտնվեցաք, որ կորցրիք բոլորը, ինչ որ ձեր նախնիքը գնել էին արյան գնով և թողել էին ձեզ որպես ժառանգություն»:

Այսօր հայը ամոթի, նախատինքի, ծաղրածության առարկա է դարձել: Ով որ կամենում է մեկին վիրավորել, ով որ կամենում է ցույց տալ, որ նա ցած, անարգ և չնչին արարած է, ասում է` «դու հայ ես»: Ինչո՞վ ժառանգեցինք մենք այդ նախատինքը,— իհարկե, մեր վատություններով: Մենք մեր հայրերի անարժան, անհարազատ սերունդն ենք, այն հայրերի, դեպի որոնք հարգանք և պատկառանք էր զգում ամեն օտարազգի: Ինչո՞վ կարող ենք վերականգնել մեր պատիվը: —Ոչինչով, քանի որ մենք կմնանք ստրուկ, օտարի գերի, քանի որ մենք մեր երկրի ու գլխի տերը չենք լինի:

Եթե մի օր հայոց աստվածը կխնդրե Հայաստանի կործանման ու նրա զավակների արյան վրեժը մեր ազգի թշնամիներից,— առաջին պատասխանատուն կլինեն մեր եկեղեցականները: Դրանք թուլացրին ժողովրդի սիրտը, խլեցին նրա քաջությունը, մեռցրին նրա բոլոր կենսական ուժերը, և քրիստոնեական համբերության անունով սովորեցրին նրան ստրուկ լինել: