Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Տաթևի վանքը թե իր շինվածքների ընդարձակությամբ և թե իր ամրություններով ամեն հարմարություններ ուներ բերդի տեղ ծառայելու։ Այս պատճառով Դավիթ Բեկը ընտրեց նրան որպես կենտրոն իր գործողությունների։

Կար և մի ուրիշ բան. այդ վանքը, որպես Սյունյաց աշխարհի հոգևոր կառավարության մայր աթոռը, ուներ ահագին հարստություն։ Վանքի միաբանությունը իր հարստությունը դրեց Բեկի տրամադրության ներքո, իրավունք տալով նրան, գործ ածել իր պատերազմական ծախքերի համար, որպես կբարեհաճի։ Ավելի քան ութ հարյուր տարի գոյություն ունեցող այդ վանքը, դարերի ընթացքում, դիզել էր արծաթի, ոսկու, թանկագին քարերի մեծ քանակություն։ Ամեն մի թագավոր, ամեն մի թագուհի, ամեն մի իշխան և իշխանուհի, իր հոգու փրկության համար, նվիրել էր վանքին` որը գյուղ, որը ագարակ, որը ընդարձակ անտառներ, որը թանկագին անոթներ, խաչեր և այլն։ Զանազան ժամանակներում պատահած հափշտակությունները, ավարառությունները չէին կարողացել բոլորովին սպառել այդ ահագին հարստությունը։ Վանքի գաղտնի պահարանները խիստ ապահով տեղեր էին ասպատակների ձեռքից նրանց պահպանելու համար։

Վանահոր կացարանը բաղկացած էր մի քանի սենյակներից, որոնց դռները բացվում էին միմյանց մեջ։ Դրանցից մեկը, որ ետևի կողմումն էր, ուներ մի նեղ լուսամուտ միայն առաստաղի մոտ և այնքան մութն էր, որ ցերեկով ևս պետք էր ճրագ վառել մի բան տեսնելու համար։ Այստեղ միայնակ նստած էր մի ծերունի աբեղա և նրա առջև դրած էր մի շարժական քուրա, որ ասիական ոսկերիչների հալոցի ճիշտ նմանությունը ուներ։ Նա մի ձեռքով փչում էր փուքսը, իսկ մյուսով, որով բռնած ուներ փոքրիկ ունելի, անդադար շարժում էր ածուխները, որ ավելի շիկանան, որ ավելի բոցավառվեն։ Ածուխների մեջ ծածկված էր մի մեծ բութակ[1], որի մեջ հալվում էր մետաղ։ Ծերունի աբեղան դեռ իր գործողությունը չէր վերջացրել, երբ ներս մտավ վանահայրը՝ Ներսես սրբազանը։

— Տեսնո՞ւմ եք, Վահան հույր սուրբ,— ասաց նա ծիծաղելով,— ձեր ոսկերչությունը վերջապես պետք եկավ մեզ։

  1. Բութակ կամ բութա նշ. հալոց: