Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ կոնքը Սյունյաց Փիլիպպե գահերեց իշխանի նվիրածն է,— ասաց վանահայրը։ — Նա ընծայեց մեր վանքին ահագին կայք ու կալվածներ։ Տաթև գյուղը, Արծիվ գյուղը, Բերդկամեջ գյուղը նրա հայրենական կալվածքներն էին, բոլորը տվեց մեր վանքին։ Նա շինեց վանքի մոտ և սուրբ Լուսավորիչ անունով եկեղեցին: Այն ժամանակվա վանահայր Դավիթ եպիսկոպոսը պարտավորացրեց վանքի միաբանությանը, որ ամեն տարի իշխանի հոգու փըրկության համար քառասուն օր պատարագ մատուցանեն և վաթսուն օր «Տեր ողորմյա» ասեն։

—Մենք այսուհետև յոթանասուն օր «Տեր ողորմյա» կասենք իշխանի հոգու փրկության համար,— պատասխանեց ծեր ունի աբեղան,— այսուամենայնիվ, նրա նվիրած կոնքը պետք է մտնի իմ քուրայի մեջ։

Այնուհետև վանահայրը վեր առեց մի փոքրիկ արծաթե արկղիկ, զարդարած գեղեցիկ քանդակներով և ոսկեջրած։ Նրա մեջ պահվում էր սուրբ աստվածածնի գիսակների մի մասը։

—Այդ արկղիկը, —ասաց նա,— ընծայել է աղվանից Վարազ—Տրդատ անունով գահերեց իշխանի դուստրը` Շահանդուխտ օրիորդը։ Երբ հայկազուն իշխանները նրան հարսնության էին տանում Բաղաց երկիրը[1], և երբ հասան Տաթևի հանդեպ, այդ միջոցին վրա հասան մի գունդ սպառազինված պարսիկներ։ Նրանք կամենում էին առևանգել չքնաղագեղ օրիորդին և իրանց թագավորի համար տանել։ Օրիորդը անօրենների ձեռքը չընկնելու համար, երեսը խաչակնքեց, մտրակեց իր ձին, և ահագին բարձրությունից գահավեժ եղավ խորին անդունդի մեջ։ Աստուծո հրեշտակները նրան օգնության հասան, և կարծես կառքի մեջ նստած անվնաս իջավ անդունդի հատակի վրա։ Նույն տեղում բարեպաշտ օրիորդը շինեց մատուռ և այնուհետև իր անձը նվիրեց ճգնության։ Վերջը այդ մատուռը կուսանոց դարձավ։ Նա իր հարստության կեսը բաժանեց կարոտյալներին, իսկ մնացածը նվիրեց մեր վանքին։ Շընհերի սահմաններից սկսած մինչև Գինական գետը, մեր ունեցած կալվածքների բոլորը նրա ընծայածն է։ Իսկ այդ գեղեցիկ արկղիկի մեջ պահում էր նա իր հարսնության գոհարեղենները։ Նա այդ գոհարեղենները վաճառեց, արծաթը բաժանեց աղքատներին, իսկ արկղիկը նվիրեց մեր վանքին, որ դրա մեջ պահվի սուրբ աստվածածնի գիսակները:

  1. Բաղաց երկիրը այժմյան Ղափանն է: