Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Աստված հոգին լուսավորեսցե,— պատասխանեց ծերունի աբեղան.— մենք այսուհետև սուրբ Աստվածածնի գիսակները մի հասարակ տուփի մեջ կպահենք. այդ մասին ես հավատացած եմ, որ սուրբ աստվածածինը չի բարկանա։

— Ես էլ կարծում եմ, որ չի բարկանա, — պատասխանեց սրբազանը և վեր առեց արկղի միջից մի արծաթե բուրվառ։

— Այս բուրվառը,— ասաց նա,— Սյունյաց տիկին Շուշանի նվերն է։ Նա Աշոտ իշխանի ամուսինն էր։ Դրա ժամանակում Վայոց ձորի լեռների մեջ ցրված էին մի կարգ կրոնավորներ, որոնց «խոտաճարակներ»[1] էին կոչում։ Եվ իրավ, այդ ճգնավորները ոչ հաց, ոչ միս և ոչ էլ այն բոլոր ուտեստները, որ գործ են ածում մարդիկ, չէին ուտում: Կերակրվում էին բանջարներով, ընդեղեններով, որ գտնում էին լեռների մեջ։ Մարդկային բնակության չէին մոտենում, և երբ հեռվից մարդիկ էին տեսնում, իսկույն փախչում էին ու թաքնվում քարերի մեջ։ Զարմանալին այն էր, որ այդ կրոնավորները հագուստ չէին հագնում, բոլորն էլ Ադամի նման մերկ էին։ Պատմում են, որ նրանց մորուքի, գլխի և մարմնի մազերը այնքան աճում էին, որ ծածկում էին նրանց մերկությունը։ Այրերը, լեռների մեջ գտնվող քարանձավները նրանց ծառայում էին որպես բնակարան։ Միայն կիրակի օրերը հավաքվում էին մի տեղ և կատարում էին պատարագի խորհուրդը, հետո կրկին ցրիվ էին գալիս լեռների մեջ և միմյանց երես չէին տեսնում: Շուշան տիկինը, ցանկանալով մի տեղ հավաքել այդ կրոնավորներին, նույն լեռների մեջ շինեց մի վանք, որ կոչվեցավ «խոտաճարակաց» վանք[2]: Նա նվիրեց այդ վանքին իր սեփական Արաստամուխ անունով գյուղը որպես մշտական ժառանգություն: Խոտաճարակները հավաքվեցան այդ վանքում, բայց երկար ժամանակ չթողեցին իրանց սովորությունները, դարձյալ կերակրվում էին բանջարեղեններով. դարձյալ հագուստ չէին հագնում, կրում էին երկայն, սպիտակ շապիկ միայն, ոտնամաններ չունեին, ման էին գալիս բոբիկ ոտներով։ Այդ Շուշան տիկինը շինեց ուրիշ հինգ եկեղեցիներ իր հինգ որդիների հիշատակը անմահացնելու համար:

— Հինգ եկեղեցինե՜ր...— կրկնեց Վահան հայր սուրբը գլուխը շարժելով,— որոնցից մեկն էլ այժմ չէ մնացել:

  1. Խոտաճարակ նշ. խոտով կերակրվող:
  2. Այդ վանքը կոչվում է Քարկոփի վանք, կոփված ու սրբատաշ քարերից շինված լինելու համար