Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հագուստով մարդուն այժմ դժվար էր ճանաչել։ Այն մարդը, որ ամբողջ երկիրը պահել էր ահի և սարսափի մեջ, այժմ մի թրջված հավի էր նմանում:

Բայինդուր իշխանը, որ նրան բերող ձիավորներից մեկն էր, առաջ անցավ, ասելով.— ահա, Սյունյաց աշխարհի քանդողը: Թույլ տվեցեք ինձ հենց այս րոպեիս դրան բարձրացնեմ սուրբ երրորդության սյունի[1] վրա և այնտեղից ցած գլորեմ, որ իր արժանավոր հատուցումը ստանա:

— Ո՞րտեղից բռնեցիք,— հարցրին վերևից:

— Ճանապարհից: Նզովից արմատը դնում էր Ֆաթալի խանի մոտ, մեր դեմ պատերազմ պատրաստվելու համար, բայց չգիտեր, որ պարսից թագավորի «բաթման ղլիճի» ձեռքից ինքը սատանան էլ չի կարող պրծնիլ:

— Անիծյա՛լ... — ասաց սրբազանը, նայելով չարագործի վրա:

— Ի՛նչ գարշելի դեմք ունի...-ասաց Մխիթար սպարապետը:

Դավիթ Բեկը ոչինչ չխոսեց։ Այդ մարդուն նա առաջին անգամն էր տեսնում։ Այդ մարդը նրա հոր, մոր, ազգականների դահիճն էր։ Այդ մարդն էր վառել այն կրակը, որի միջից նա մի բախտով ազատվեցավ իր պատանեկության հասակում։ Այժմ հին եղեռնագործը, գլուխը դեպի ցած խոնարհած, կանգնել էր նրա առջև:

— Տարեք, բանտարկեցեք,— ասաց Բեկը և հեռացավ լուսամուտից։

Կալանավորը մեր նախածանոթ մելիք Դավիթ ուրացողն էր:

Ը

Վանքը մերկանում էր իր տաճարի զարդերը։ Խաչերը, բուրվառները, սկիհները, որ մինչև այն օր ծառայում էին որպես անոթներ, որ գործ էին դրվում մեղքերի քավության համար, — այդ դարավոր հարստությունները այժմ սկսվեցան գործ ածվիլ հայրենիքի փրկության համար։ Այդ ժամանակ ինքը ժողովուրդը ոչ սակավ զոհաբերություններ էր անում։ Ծնողներից որն որ ունևոր էր և պատերազմելու ընդունակ որդի ուներ, իր ծախքով զինվորում էր նրան և ուղարկում էր կռվելու։ Իսկ այն ընտանիքները, որ

  1. Այդ անունով մինչև այսօր կա Տաթևի վանքի տաճարի հարավային կողմում մի բարձր, մինարեթի ձև ունեցող սյուն, որը օրորվում է, երբ որ շարժում են նրան: