Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մահմեդականների կարավանների և գյուղերի վրա, այրել, հափշտակել և անցնել, առանց մի տեղում երկար մնալու։ Այդ խումբերը, թեև առանձնացած պիտի գործեին, բայց ընդհանուր կապ պիտի ունենային միմյանց հետ, և հարկավորած ժամանակ, պետք է մինը մյուսին օգնության հասներ։ Այս պատճառով յուրաքանչյուր վիճակի համար որոշված էին մի քանի խումբեր։ Խմբապետները գլխավորապես այն անձինքն էին, որ մեկը իր հետ բերել էր Վրաստանից։ Լոռեցի Ավթանդիլ գնդապետը և երևանցի կաղ Օհանեսը, որ հայտնի էր իր ճարպկություններով, ուղարկվեցան դեպի Հին Նախիջևանի կողմերը։ Մեծ Գիորգին և փոքր Գիորգին ուղարկվեցան դեպի Զանգազորի կողմերը։ Զաքարիա իշխանը և պատանի Մոսին ուղարկվեցան Երասխ գետի ափերի վրա՝ դեպի Բարգյուշատի կողմերը։ Թաթեոս բեկը և գանձակեցի Եղիազար աղան ուղարկվեցան դեպի Սիսիանի կողմերը։ Վաղարշապատցի Հարություն տանուտերը ուղարկվեցավ դեպի Գողթնյաց երկրի կողմերը։

«Եթե թշնամու տունը կամենում ես հրդեհել, պետք է կրակը մի քանի տեղից վառել, որ չկարողանա հանգցնել»,— ասում էր Բեկը։ Վերոհիշյալ խումբերը ուրիշ նշանակություն չունեին, բայց միայն կայծեր գցել Սյունյաց աշխարհի զանազան կողմերում, խռովել, աղմկել և զբաղեցնել թշնամուն։

Բայց Բեկի գլխավոր ուժերը, որոնց նա կարգել էր որպես պատերազմող և տիրապետող ուժեր, կազմված էին ավելի խոշոր խումբերից։ Այդ խումբերը հանձնված էին Սյունյաց աշխարհի նշանավոր ավադների ձեռքը, որոնք ուխտակից եղան Բեկին և հավատարմության երդում տվեցին։

Չավնդուրի Թորոս իշխանը ուներ իր հրամանի ներքո 2000 հոգի. նրան օգնական էր տվել Բեկը Բայինդուր իշխանին և Թորոսի ազգական Մելիք-Նուբարին։ Հալիձորի Մելիք-Փարսադանը և նրա որդի Բալի զորապետը ունեին իրանց հրամանի ներքո 500 հոգի։ Մելիք-Փարսադանի փեսա տեր Ավետիքը ուներ իր հրամանի ներքո 468 հոգի։ Կալերի Պապ զորապետը և Բեկի սիրելի Ստեփաննոս Շահումյանը ունեին իրանք հրամանի ներքո 700 հոգի։ Սիսիանի Լևոն զորավարը ուներ իր հրամանի ներքո 500 հոգի։ Սիսիանի մելիք Կաջոն ուներ իր հրամանի ներքո 200 հոգի։ Սիսիանի տեր Գասպարը, որ և կոչվում էր «Ավշար երեց», ուներ իր հրամանի ներքո 250 հոգի։ Բաղաբերդի Ադամ զորավարը ուներ իր հրամանի ներքո 150 հոգի։ Գյուլ-բերդի Ղազար զորավարը ուներ իր հրամանի ներքո 110 հոգի։ Շիրվանաձորի Սարդիս զորավարը ուներ իր