Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մասին, իսկ իր հրամանի տակ գտնվող զորքերի պարտությունը Նրան արդեն հայտնի էր։ Նա վերկացավ, մի վերքին հարց աոաշարկեց վիրավոր զինվորին և կամենում էր շարունակել իր փախուստը, մի գուցե ընկնի Բեկի զինվորների ձեռքը։

— Դու գիտե՞ս, մենք այժմ ո՞րտեղ ենք գտնվում։

Վիրավոր զինվորը ոչինչ չպատասխանեց և ոչ լսեց երիտասարդի հարցմունքը։ Նրա ձեռքը, որով բռնել էր իր վերքը, թուլացել, ընկել էր գետին, իսկ աչքերը փակվել էին...

Նույն դրության մեջ թողնելով զինվորին, երիտասարդը սկսեց վազել, թեև ուր գնալը ինքն էլ չգիտեր։ Առավոտյան լույսը դեռ չծագած, նա հասավ մի գյուղի, սկսեց բախել աոաջին հանդիպած խրճիթի դուռը։ Երկար բախում էր նա, մինչև մի մանկահասակ կին, դուռը բաց անելով, հայտնվեցավ շեմքի վրա։

— Ի՞նչ եք կամենում,— հարցրեց նա, ուշադրությամբ նայելով օտարականի վրա, թեև խավարի մեջ դժվար էր նրան ճանաչել։

— Ճանապարհից մոլորված եմ, ի սեր աստծու, մի անկյուն շնորհեցեք ձեր տան մեջ, որ փոքր-ինչ հանգստանամ։

Ադ խոսքերը այնպիսի մի ողորմելի եղանակով արտասանեց նա, որ տանտիկինը խղճալով, ներս հրավիրեց։ Երբ մտան խրճիթր, տանտիկինը իսկույն ճրագ վառեց, այժմ միայն տեսավ իր հյուրի այլանդակված կերպարանքը, որ ավելի սարսափելի էր իր պատառոտած և աղտոտված հագուստի մեջ։

Խրճիթում ուրիշ ոչ ոք չկար, մի քանի երեխաներ պառկած էին թոնրի մոտ, փսիաթի վրա և ծածկված էին ցնցոտիներով։ Չնայելով դառն չքավորությանը, որ ամեն կողմից աչքի էր զարկում, տանտիկինը աոաջարկեց հյուրին, արդյոք չէ՞ր կամենա նա մի բան ուտել։

— Շնորհակալ եմ,— պատասխանեց երիտասարդը,— ուտելու ախորժակ չունեմ, ինձ տվեցեք միայն խմելու ջուր։

Տանտիկինը տվեց նրան ահագին թասը լիքը ջրով։ Երիտասարդը կեսը խմեց և թասը դրեց իր մոտ, որ մնացածն էլ խմե։ Կարծես նրա ներսում կրակ էր վառվում, որ պետք էր հանգցնել։

— Դուք տանը մենա՞կ եք,— հարցրեց երիտասարդը իր շուրջը նայելով։

— Մենակ եմ,— պատասխանեց տանտիկինը,— տանը չէ։

— Ո՞ւր է գնացել։