Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Նա զգույշ կերպով մտավ շնաբույնի մեջ, ճրագը վառեց, մի կողմ դրեց և սկսեց նայել երիտասարդի վրա։ Շնաբույնը այնքան նեղ էր, որ դժվար էր արձակ շարժումներ գործել, այսուամենայնիվ, նա առանց մի ձայն հանելու, տեղավորվեցավ երիտասարդի գլխի մոտ: Նա քնած էր քամակի վրա։ Գլուխը թեքվել էր դեպի բարձի եզրի կողմը: Սկսեց կամաց-կամաց գլուխը տանել դեպի բարձի մեջտեղը, և նրան այնպիսի դիրք տալ, որ ճակատը դեպի վեր լինի, իսկ ծոծրակը բարձի վրա դրած: Այդ գործողության ժամանակ հանկարծ նրա ձեռքերը սկսեցին դողալ, խղճահարության նման մի զգացմունք սկսեց տանջել նրան։ Նա մեղանչում էր հյուրասիրության դեմ, մեղանչում էր տված խոստման պահպանելու դեմ: Այդ մարդը ապաստան էր գտել նրա խրճիթում, երկրի իշխանը պատսպարվել էր մի աղքատ կնոջ հովանավորության ներքո: Ինչպե՞ս դավաճանել նրան, ինչպե՞ս մեղանչել խղճի և ազնվության դեմ։ Այդ հանցանք չէ՞ր լինի, մի մեծ և սարսափելի հանցանք։ Նրա սիրտը սկսեց սաստիկ բաբախել։ Պատրաստ էր վեր կենալ, թողնել և հեռանալ այդ զարհուրելի բնակարանից։

Այդ միջոցին երիտասարդը դեռ շարունակում էր խոսել քնի մեջ։ Նրա անկապ, խառնափնթոր խոսքերից կինը խիստ պարզ որոշեց այս նախադասությունը. «Պետք է կոտորել բոլոր բեկյաններին»[1]...

Նա բոլորովին կատաղեց այդ խոսքերը լսելու ժամանակ: Նա ինքը պատկանում էր նույն կուսակցությանը։ Նրա ամուսին այրը նույնպես բեկյան էր, և Բեկի կամավորների թվում, գուցե հենց նույն ժամում, կռվում էր նույն մարդու զորքերի հետ, որ այժմ տարածվել էր իր առջև, որի կյանքը այդ րոպեում իր ձեռքումն էր։

«Դրանց պետք չէ խնայել...» — ասաց նա իր մտքում, և նրա աչքերը վառվեցան կատաղի բարկությամբ. — «որքա՜ն մարդիկ են կոտորել դրանք, որքան կնիկներ են անբախտացրել... չկա մի գյուղ, չկա մի խրճիթ, որ դրանց ձեռքով ոչնչացած չլինի... Դրանց պետք չէ խնայել...»:

Վերջին խոսքերի ժամանակ նա խաչակնքեց իր երեսը, ահագին երկաթյա մեխի սուր ծայրը դրեց երիտասարդի ճակատի վրա և օթակով այնպես սաստիկ զարկեց, որ մեխը մինչև կեսը խրվեցավ նրա գլխի մեջ։ Նա կրկնեց զարկը և տաք արյունը դուրս

  1. Բեկյան կոչվում էին Դավիթ Բեկի կուսակիցները: