Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


էր... Ինչքան էլ աշխատում էի հանգցնել, ինչքան էլ ջուր էի ածում, նա ավելի և ավելի բոցավառվում էր... Վերքը այրվեցավ, բոլորվին մոխիր դարձավ...

— Այդ երազը այնքան պարզ է, որ ամենևին բացատրության կարոտություն չունի,— ասաց աբեղան։— Ֆաթալի խանի ձեզ ընծայած խալաթը նրա ձեզ տված իշխանության նշանակն էր. խալաթը այրվեցավ, նրա հետ էլ վերջացավ ձեր իշխանությունը։

— Ինչպե՞ս,— հարցրեց կալանավորը կատաղած կերպով։

— Մի՞թե չեք հասկանում, մի լավ նայեցեք, թե ո՞րտեղ եք գտնվում և ինչ դրության մեջ...

— Այդ ես հասկանում եմ...— ասաց կալանավորը խորին վրդովմունքով.— եթե խանը մի ժամ առաջ հասցներ ինձ իր զորքերը, ես այստեղ չէի գտնվի։ Բայց նրանք հասան այն ժամանակ, երբ ամեն ինչ վերջացած էր...

— Ես հույս ունեի գտնել ձեզ, մելիք, բոլորովին զղջացած, բոլորովին փոշմանած,— խոսեց աբեղան ծանր կերպով։— Բայց դուք, ինչպես երևում է, դեռ չեք կամենում հեռանալ հին մեղքերից, դեռ չեք մտածում թողնել ձեր առաջվա խորհուրդները, որոնք այնքան վնասներ, այնքան դառն ցավեր պատճառեցին մեր հայրենիքին։ Մի՞թե ձեր խիղճը բոլորովին մեռած է, մի՞թե նրա մեջ չէ մնացել մի նշույլ անգամ կենդանության։ Ինչի՞ համար կուզեի` պարսիկ զորքերը, ո՞ւմ դեմ պիտի պատերազմեիք, մեր հայրենիքի ազատչի՞ դեմ, հա՞։

— Ոչ, մի ավազակի դեմ, մի ապստամբի դեմ, մի անզգամ խռովարարի դեմ, որ ձգտում է հայոց իշխան դառնալ։

— Նա իր գործով արժանի է ոչ միայն հայոց իշխան դառնալու փառքին, այլ ավելի ևս մեծ փառքի,— պատասխանեց աբեղան։

— Նա իր գործով արժանի է գլխատման, արժանի է, որ մի թոկ կապեին նրա պարանոցին և քարշ տային Տաթևի բոլոր փողոցներով։

Խոսողը Տաթևի մելիք Դավիթ ուրացողն էր։ Մենք արդեն գիտենք, թե ինչպես վերջացավ նրա կռիվը Բեկի հետ, գիտենք, նույնպես, թե ինչպես ջարդվեցան պարսից և հայոց զինվորներից կազմված նրա զորքերը։ Իր անհաջողությունից հետո ուրացողը մի քանի ձիավորներով փախավ դեպի Բարգյուշատի կողմերը, որ իր մեծավորից` Ֆաթալի խանից օգնություն ստանա և կրկին վերադառնա Բեկի վրա։ Բայց Բայինդուր իշխանը նրան հետամուտ