Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


լինելով, փախչելու միջոցին բռնեց։ Ֆաթալի խանի օգնական զորքերը հասան նրան այն ժամանակ, երբ արդեն կալանավորված էր։

Նրա այցելուն, որ եկել էր հոգևորապես մխիթարել նրան և դարձի բերել, Խորեն հայր սուրբն էր, վանքի միաբանության բավական զարգացած վարդապետներից մեկը, որ իր երիտասարդ հասակում միացրել էր իր մեջ կրոնի և քաջության առաքինությունները։ Հանդիպելով կատաղի համառության ուրացողի կողմից, նա սաստիկ վշտացավ, որ մի հայ մելիք կարող էր բարոյապես այնքան ընկած լինել, որ պարսից լուծը ավելի գերադասեր, քան թե տեսնել մի անկախ հայոց իշխանություն։

— Մելիք Դավիթը չի խոնարհվի ավազակ Դավթին,— ասաց նա դառնությամբ։

— Դուք պիտի խոնարհվեք Աստուծո կամքի և ժողովրդի պահանջի առջև, մելիք,— պատասխանեց աբեղան հանդարտ կերպով: — Բեկը ժողովրդի պահանջի արտահայտությունն է։ Ուրիշ ապացույց բերել պետք չէ, գործը ինքը վկայում է իր համար։ Դուք տեսաք, թե ինչպես ժողովուրդը առանց հրավերքի, ինքնակամ հետևեց նրան։

— Տեսա,— պատասխանեց կալանավորը հեգնական ժպիտով։— Բայց ի՞նչ ասել է ժողովուրդը։ Ժողովուրդը մի կտոր փափուկ մոմ է, նրան դեպի որ կողմը և հուպ տաս, դեպի այն կողմ կթեքվի. նրան ինչ կաղապարի մեջ և դնելու լինես, այն ձևը կստանա։ Այսօր Բեկը հաղթող հանդիսացավ, ժողովուրդը նրան կհետևի, իսկ եթե էգուց ես հաղթելու լինիմ, ինձ կհետևի։ Ես ավելին կասեմ, ժողովուրդը մի հլու գրաստ է, մի մեծ ավանակ է, նրա երասանակը (նոխտան) ում ձեռքը որ ընկավ, իր ետևից քարշ կտա, կտանե ամեն կողմ, որ կողմը և ցանկանում է։ Ժողովուրդը սեփական կամք չունի։

— Դուք սխալվում եք, Մելիք,— ասաց աբեղան,— ժողովուրդը սեփական կամք ունի։ Այդ ուրիշ բան է, որ նա երբեմն ճնշված, երբեմն կաշկանդված է լինում և իր կամքը արտահայտել չէ կարողանում։ Բայց երբ նա կտրեց իր կապանքները, այլևս նրա թափին ընդդիմանալ անկարելի է։ Նա դառնում է մի հսկայական հեղեղ և փոթորկի նման որոտում է, ալեկոծվում է, առաջ է վազում, խորտակելով, ոչնչացնելով իր առջևից ամեն տեսակ խոչընդոտներ։ Ո՞ր մահկանացուն կարող է ժողովրդի կատաղի հոսանքի առաջը կտրել: Դժվար է միայն շարժել նրան, երբ մի անգամ շարժվեցավ, այլևս այնուհետև կանգ չի առնի, որպես մի ահագին