Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այնքան չորացել է հացը, որ չէ ուտվում,— ասաց սեղանակիցներից մեկը։

— Առանց սումբայի հրացանը լցնել չես կարող,— նրան պատասխանեց սեղանակիցներից մյուսը,— այդ հացին սումբա պետք է:

Նա հանեց պարկի միջից խեցեղեն փոքրիկ աման, լիքը արաղով, առաջ ինքը խմեց, հետո տվեց ընկերներին, ասելով.

— Աստված է վկա, մարդու կոկորդը փափկացնում է:

Մյուսներն էլ ընդունելով ամանը, խմեցին, միևնույն կարծիքը հայտնելով փափկացնող ըմպելիի մասին, և այժմ ավելի ախորժակով սկսեցին ուտել չոր հացը։

Երբ ճաշը վերջացած էր, նրանցից մեկը ժամացույցի փոխարեն նայեց արևին, իր ընկերին ասաց.

— Հիմա կարելի է ճանապարհ ընկնել, շուտով զովը կսկսվի։

— Կարելի է, — ավելացրեց մյուսը,— մեր առջևում անտառը ավելի խիտ է, արևը շատ չի նեղացնի:

— Ինչպես էլ և լինի, պետք է գնալ. դեռ բավական ճանապարհ ունենք,— ասաց երրորդը։— Արեգակը ի՞նչ կարող է անել. խո ձյուն չենք, որ հալվենք:

Սկսեցին պատրաստվել։

Այդ միջոցին մյուս ուղևորներից մեկը, պառկած տեղից գլուխը վեր բարձրացնելով, ծույլ կերպով հարցրեց.

— Եղբայրներ, ո՞ւր եք գնում։

— Դեպի Զեվու,— պատասխանեցին նրան։

— Հիմա Զեվուից ամենքը փախչում են, դուք ի՞նչ խելքով այնտեղ եք գնում։

— Ինչո՞ւ են փախչում։

— Չե՞ք լսել, շուտով Զեվուն կպաշարվի Դավիթ Բեկի զորքերով: Նրա բանակը հիմա գտնվում է բերդից ոչ այնքան հեռու Ղարաչիման գյուղի մոտ։

— Մեզ ի՞նչ վնաս, եթե կպաշարվի,— ասաց երեք ընկերներից մեկը։

— Ձեզ այն վնասը կլինի, որ վտանգի մեջ կընկնեք,— պատասխանեց ուղևորը՝ դարձյալ չշարժվելով իր պառկած տեղից։ Շատ ախորժելի բան չԷ պաշարված բերդի մեջ լինել, երբ ամեն կողմից կրակ են թափում։

— Բայց բավական ախորժելի բան է պաշարված բերդից կռվել թշնամու դեմ,— ասաց երեք ընկերներից մի ուրիշը: