Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ— հարցրեց Սառան։

— Իմ մեջ դեռ մնացել է կամքի և սրտի նույն թուլությունը, որ ունեի առաջ,— պատասխանեց աբեղան վրդովված կերպով։ — Ես այնքան ուժ չունեմ, որ թողնեմ վանքը և քո գրկում հանգստություն ու ապաստան գտնեմ։ Ես մի թշվառ արարած եմ, զուրկ մարդկային բոլոր իրավունքներից...

— Ես այդ զոհողությունը քեզանից չեմ պահանջում, Խորեն, և իրավունք էլ չունեմ պահանջելու։ Դու միայն սիրիր ինձ, Խորեն, քո առաջին սիրո մի նշույլն անգամ բավական է, որ սրբե և մաքրե իմ կեղտերը... Քո սերը միայն կարող է ուղղել ինձ, կանգնեցնել հաստատ ճանապարհի վրա։ Կորցնելով քո սերը, ես ավելի հոժարությամբ նետվեցա բարոյական ցեխի մեջ, որպես մի թշվառական, որ պատահած անբախտությունից հետո, սրտի վշտերը մոռանալու համար, անձնատուր է լինում արբեցության, և օրըստօրե ավելի ու ավելի թունավորում է իր մարմինը և հոգին։ Խորեն, սիրիր ինձ, և այդ կփրկե ինձ...

— Կսիրեմ...— պատասխանեց աբեղան և նրա խոսքը րնդհատվեցավ, որովհետև այդ միջոցին դրսից լսելի եղավ տեր Ավետիքի ձայնը, որ կոչում էր նրան։

Նրա ընկերները, վերջացնելով իրանց խորհուրդը, կանգնած էին բակում։ Աբեղան միացավ նրանց հետ, և դուրս գալով Սառայի տնից, անհետացան բերդի մթին փողոցների մեջ։

ԺԴ

Հետևյալ օրվա առավոտյան պահուն, Ասլամազ-Կուլի խանը, մի խումբ թիկնապահ ձիավորներով, բերդի ներսի կողմից, վազվզում էր պարիսպների մոտով, քննում էր աշտարակները, նայում էր նշանավոր դիրքերին, կարգադրություններ էր անում, պատվերներ ու հրամաններ էր տալիս։

Բերդը բոլորած էր ամուր, բարձր շրջապարիսպներով. բացի դրանից, նա ուներ բնական ամրություններ ևս. մի կողմում խոր անդունդի նման ձգվում էր մի վիհ, որի միջով անցնում էր Հալիձորի գետը. մյուս կողմում բարձրանում էին սրածայր լեռներ։ Շրջապարիսպը յուրաքանչյուր քսան քայլ հեռավորության վրա ուներ աշտարակներ, որոնց վերևի մասը վերջանում էր ժանիքների նման ատամնավոր բարձրություններով։ Այդ բարձրությունների ետևում շարված էին զինվորներ, և հրացանների ծայրերը դնելով