Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


միայն հարձակում գործել, բայց այդ թուրքի արյան ծարավի քաջերը, «կեցցե Դավիթ Բեկ» գոռալով, առաջ մղվեցան, կամենում էին սար ու ձոր ոտքի տակ տալ և իրանց վրեժը առնել։ Նրանք զինված էին հրացաններով, նիզակներով և խենջարներով։ Բոլորի թիվը հազար հոգի էր, հինգ հարյուր Բայինդուր իշխանի հրամանի ներքո, հինգ հարյուր ևս Մելիք-Փարսադանի հրամանի ներքո։ Բայինդուր իշխանը, իր խումբի առաջն անցած, դիմում էր դեպի կիրճի աջ կողմի բարձրությունը, իսկ Մելիք-Փարսադանը՝ ձախ կողմի բարձրությունը։ Բլուրների զառիվերը սաստիկ ուղղաձիգ էր. հայոց զինվորները երբեմն կատվի նման ճանկռոտելով ապառաժները, երբեմն օձի նման սողալով մացառների միջով, իսկ երբեմն գազանների նման ոստյուններ գործելով խորին խրամատների վրայով, առաջ էին խաղում։ Վերևից թուրքերի հրացանները որոտում էին. բայց դեռ այնքան տարածություն կար, որ գնդակները չէին հասնում։ Հայերը չէին պատասխանում, երբեմն միայն արձակում էին իրանց հրացանները օդի մեջ։

Արևը ծագեց, բայց ճառագայթները դեռ չէին երևում, թանձր մառախուղը պատել էր հորիզոնը, սար, դաշտ, հովիտ կորած էին մթին մռայլի մեջ։

— «Գայլը ամպ օր կուզե, գողը՝ մութ գիշեր»... — մտածեց պարսից թագավորի «բաթման ղլիճը»։— Այդ մառախուղից կարելի է օգուտ քաղել...

Թավ հոնքերի տակ թաքնված խոշոր աչքերը առյուծի նման դարձրեց նա դեպի իր շուրջը։ Մառախուղը հետզհետե թանձրանում էր, և կարծես, ձյունի պես սպիտակ, փխրուն լեռներ կուտակվում էին մինը մյուսի վրա։ Եղանակի այդպիսի փոփոխությունը Հայաստանում հատուկ է Սյունյաց աշխարհին միայն, հանկարծ ամենապարզ օրը ընդունում է մառախլապատ մթնոլորտ։

Եղանակի փոփոխության համեմատ Բայինդուր իշխանը փոխեց և իր գործողության ծրագիրը, որ կազմել էր Մելիք-Փարսադանի հետ։ Նա թողեց այն կարգադրությունը, որով մտածում էր սկզբում թեթև հարձակում գործել, հետո փախուստ ձևացնեք, և թշնամուն հրապուրելով, իր բարձրությունից ցած իջեցնել։ Այդ բավական կզբաղեցներ նրան։ Իշխանը սիրում էր գործի մեջ տեսնել շուտափույթ վախճան։ Նա նկատեց, որ լեռան գառիվերը մագլցելը հետզհետե դժվարելանելի էր դառնում, եթե երկար շարունակվեր, զինվորները բոլորովին ուժաթափ կլինեին հոգնածությունից։ Մյուս կողմից, տեսնում էր, որ բլուրների կողքերով ուղղակի