Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Նրա և թուրք զինվորների մեջ շարունակվում էին թեթև հրացանաձգություններ։ Ոչ մի կողմը չէր կամենում վճռական քայլ անել և հարձակում գործել։ Հրացանները արձակվում էին ավելի ցույցի համար, կարծես մինը մյուսին ասել էր ուղում. «Տես, ես այստեղ եմ...»։

Մառախուղը այժմ բոլորովին կորցրել էր իր ճերմակությունը և մոխրի գույն էր ստացել։ Հանկարծ բարձրացավ թեթև, բայց սառն քամի, սկսեց մանր կերպով անձրևել։ Այդ երևույթը, որ կռվի ժամանակ կարող էր ուրիշներին տհաճություն պատճառել, ազդեց ծերունի զորապետի մեջ մի ներքին ուրախություն։ Նրա դեմքի կնճիռները ցնցվեցան և ժպիտի նման մի բան փայլեց խորին աչքերի մեջ։ Այդ միջոցին հայտնվեցավ կաղ Օհանեսը և հաղորդեց նրան Բայինդուր իշխանի պատվերները։

— Կովի ժամանակ այսպիսի հաստատ և անփոփոխ որոշումները շատ անգամ կարող են վնասակար հետևանք ունենալ,— պաաասխանեց նա իր սովորական հանդարտությամբ։— Պետք է հարմարվել հանգամանքների և պայմանների փոփոխության հետ։ Նա հրամայում է ինձ իմ տեղում անշարժ մնալ, բայց դուք ի՞նչ կասեք այդ անձրևին։

— Անձրևին ես ոչինչ ասել չեմ կարող,— պատասխանեց կաղ պատգամաբերը ծիծաղելով.— նա իր քեֆը ուզածի չափ, որքան կամենա, այնքան էլ կգա։

— Այո , որքան կամենա, այնքան կգա, — ասաց ծերունի զորապետը նույնպես ծիծաղելով։— Բայց ես այդ մթին ամպերից գուշակում եմ, որ երկար կգա։ Մանր անձրևները մեր երկրում շուտով չեն դադարում։ Եվ այդ անձրևի հետ կապված է մեր հաջողությունը...

— Այսինքն, շուտով ամենքս թրջված հավ կդառնանք...

— Ես կրկնում եմ, որ այդ անձրևի հետ կապված է մեր հաջողությունը։ Այդ կարելի է վճռված բան համարել։ Դու գիտես, որ թուրքերը զինված են այնպիսի հրացաններով, որ վառվում են փիթաներով (ֆիտիլ)։ Անձրևը անպատճառ կթրջե փիլթաները և ոչ մի հրացան արձակել չեն կարող։ Իսկ մեր մարդիկը ունեն գեղեցիկ կայծհանավոր հրացաններ, որ անձրևից շատ չեն վախենում։ Այժմ կարելի է համարձակ հարձակում գործել և մի քանի ժամից հետո բոլոր թուրքերին իրանց բարձրություններից կթափենք ձորի մեջ։

Մելիք֊Փարսադանի ձեռնարկությունը իսկապես չէր հակառակում Բայինդուր իշխանի դիտավորությանը, այլ ավելի նպաստում էր նրան։