Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


առանձին տխրությամբ նայելուց հետո աչք շլացնող ակների վրա, նա կրկին կողպեց արկղիկը, մտածում էր իր գանձը թաքցնել մի ծածուկ տեղում։ Նա վեր կացավ, արկղիկը սեղմած գողտրիկ կուրծքի վրա, որ այդ միջոցին սաստիկ զարկում էր։ Աչք էր ածում իր շուրջը, տեսնելու, թե որտեղ ավելի հարմար էր թաքցնելու։ Նույն րոպեում լսելի եղավ թնդանոթի որոտը, որի արձագանքը դղրդալով տարածվեցավ բերդը շրջապատող նեղ ձորերի մեջ։ Տիկինը մի ակամա ճիչ բարձրացրեց, ձեռքերը թուլացան, արկղիկը ցած ընկավ, և փշրվելով, գոհարները սփռվեցան նախշուն գորգերի վրա, նրանց նկարները ավելի բազմատեսակ անելու համար։

Այդ թշնամու թնդանոթների ձայնն էր։ Առաջին անգամ չէր, որ որոտում էին նրանք, բայց տիկինը, խորասուզված իր հոգեկան խռովությունների մեջ, դեռ ոչինչ չէր լսել։

Նա մոռացավ գոհարները։ Մայրական սերը խեղդեց պճնասիրության ցանկությունը։ Միակ առարկան, որ այժմ մտաբերեց նա, էր իր գավակը։ Սկսեց սենյակում կատաղաբար որոնել նրան, ամենևին չմտաբերելով, որ նա այնտեղ չէր, այլ պառկած էր կից սենյակում աղախնի հսկողության ներքո։

Տիկնոջ պահապան ներքինին նախասենյակում նիրհում էր, ամենևին ուշադրություն չդարձնելով, թե ինչ է կտարվում իր շուրջը։ Ծերունի ներքինին աֆիոն ընդունելու սովորություն ուներ, այս գիշեր, երևի, սրտի տխրությունից, փոքր-ինչ ավելի ընդունեց և արբեցուցիչ թույնը բոլորովին թմրեցրեց նրան։ Բայց տիկնոջ արձակած ճիչը վրդովեց նրա հանգստությունը, նա կիսաքուն դրության մեջ գլուխը վեր բարձրացրեց, և նախասենյակի խավարի մեջ ոչինչ չտեսնելով, կրկին գլուխը դրեց իր կարծր բարձի վրա, սկսեց մրափել։ Նրա բարձը, որ մի տոպրակ էր, լցրած սղոցած փայտի թեփով, դրած էր ուղիղ տիկնոջ դռան հանդեպ, դրսի կողմից: Եթե ավելացնենք այդ բարձի վրա ներքինու ածիլած գլուխը,— երկուսը միասին կազմում էին մի ամուր պատնեշ, որ արգելում էր տիկնոջ սենյակի դռան ներսից բացվելը։ Այսպիսով ինքր ներքինին ներկայացնում էր մի մեծ կողպեք, որ փականք էր դրել խանի գեղեցիկ կնոջ օթյակի դոան վրա։ Որպես մի հավատարիմ շուն, գլուխը կպցրած դռանը, նա ամբոդջ գիշերը պառկած էր լինում նախասենյակում։ Ոչ մի անցուդարձ տիկնոջ սենյակի դռնով կատարվել չէր կարող, առանց նրան գարթեցնելու։ Բայց երբ այդ սոսկալի պահապանը գարթեցավ, հանդուգն այցելուի մահը պետք էր վճռված համարել։