Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ժամանակներում խանը այն աստիճան ձանձրացավ կնիկների անընդհատ կռիվներից, և դժվարանալով որոշել, թե որն է արդարը և որը մեղավորը, սկսեց անխտիր կերպով ծեծել թե՛ արդարին և թե՛ մեղավորին, մտածելով, իհարկե, նրանցից մեկը հանցավոր կլինի։ Բայց Հաֆսան և Այիշան չէին կարծում, որ Սյուրիի վիրավորանքը անց կկենա առանց հետևանքի, գիտեին, որ խանը նրան շատ սիրում է և Զեյնաբը լավ ծեծ կուտեր նրա մազերը կտրել տալու համար։ Թեև այդ սատանտյի գործ ևս լիներ, բայց պետք էր աշխատել, որ Զեյնաբը պատժվի. նա էլ մի բարի պտուղ չէ. նա էլ առաջ փքվում էր, տրաքվում էր, աշխատելով բոլոր կնիկներին իր ոտների տակ դնել...

Թանձր մառախուղը սկսեց փոքր առ փոքր նոսրանալ և կապույտ երկինքը տեղ-տեղ բացվեցավ. արեգակի ճառագայթները սկսեցին շողալ այդ բացվածքներից, որպես սպիտակ վրանի պատառված ճեղքերից։ Չնայելով որ ամառն էր, բայց վաղորդյան արեգակը դեռ անզոր էր ջերմացնելու լեռնային օդի ցրտությունը։ Առավոտյան ցողը մանր գոհարների նման դեռ փայլում էր խոտաբույսերի վրա, հիշեցնելով տաք երկրների գարնան սկիզբները։

Խանի կիսաքուն երեխաները, բոբլիկ ոտներով, առանց վարտիքի, դուրս էին թափվել չադրներիդ և օջախների կրակի մոտ կկզած, տաքանում էին։ Այստեղ նրանց մայրերը նախաճաշիկի պատրաստություն էին անում։ Երեխաներից մեկը կատվի ճարպկությամբ իր թաթիկը տարավ կաթսայի մեջ և այնտեղից խլեց մի կտոր միս։ «Չոռ, ցավ, վարամ» ուտես, ասաց բարկացած մայրը և առեց վառելու փայտը, որ պատժե նրա լրբությունը։ Տղան սատանայի նման փախավ, տանելով իր կողոպուտը, մոր ձգած փայտը դիպավ նրա ոտներին, և նա ընկավ երեսի վրա։ Մսի կտորը դուրս պրծավ նրա ձեռքից և թավալվեցավ գետնի փոշիների մեջ։ Տղան շուտով ուշի եկավ, և վեր բարձրանալով, կրկին հափշտակեց իր ավարը, փախավ, և հեռվից սկսեց ծիծաղել, ջիգրացնել մորը և ախորժանոք կրծել փոշեթաթախ մսի կտորը։

— Հը՜մ... հը՜մ... տեսա՞ր, աչքդ հանեցի... տարա...— ասաց նա երեսը ծռմռելով։

— Չոռ ուտես, ցավ ուտես, վարամ ուտես,— կրկնեց մայրը,— թե ձեռքս կընկնես, ես գիտեմ ինչ կանեմ։

Չադրներից մեկի մեջ, Խորասանի գեղեցիկ գորգի վրա, միայնակ նստած էր մի մանկահասակ կին, գրկած ունենալով մի փոքրիկ երեխա։ Նա կպած էր մոր կուրծքին և ծիծ էր ուտում։ Արևի