Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարավը։ Այդ թեև օգտավետ էր հիվանդին, բայց աղախնի գործողությունը ոչ նրան բժշկելու և ոչ էլ խեղդելու նպատակ ուներ։ Նա միայն ցանկանում էր հիվանդի վրա դարձնել մոր ուշադրությունը և հասավ իր նպատակին։

Տեսնելով իր զավակի դրությունը, մայրը մոլեգնաբար գրկեց նրան և սկսեց լաց լինել։

— Հիմա կմեռնի երեխաս.․․ կմեռնի, Փարիշան,— հառաչում էր նա, դառնալով դեպի աղախինը։

— Փարիշանը մատաղ լինի քո հոգուն, տիկին ջան,— պատասխանում էր աղախինը դառնացած ձայնով, և ձևացնելով, իբր թե արտասուքը սրբում է.— երկյուղ չկա, ամենևին երկյուղ չկա. վտանգը անցավ, թող աստված Ֆարհադի (այսպես էր երեխայի անունը) ցավը իմ վրա բերե, եթե նրան մի բան պատահի։

Ծերունի ներքինին սառած կանգնել էր, հեռվից նայում էր ցավալի տեսարանի վրա։ Աղախնի խոսքերը չհանգստացրրին մորը, մանավանդ երբ երեխան, թեև դադարեց լաց լինելուց, բայց գլուխը դրեց մոր կուրծքի վրա, և ընկավ մի տեսակ տենդային դրության մեջ։

— Այդ լավ է, շատ լավ,— առաջ տարավ աղախինը.— տեսնում եք, Ֆարհադը հանգստացավ, հիմա կքնե, անուշ քնով կքնե.— հանգստացավ։ Սառան էլ էր այդպես ասում։ Առավոտյան երբ մտիկ տվեց, ասաց, այս գիշեր կծակվի ուռուցքը։ Հիմա նրա խոսքը կատարվեց։ Փառք քեզ, տեր աստված, Ֆարհադը հանգստացավ։

— Բայց նա ասաց, երբ ուռուցքը ծակվելու լինի, ինձ շուտ իմացում տվեք։ Այս րոպեիս կգնամ կկանչեմ։ Գիշերից չեմ վախենում. Ֆարհադի համար դժոխքն էլ կգնամ։

Աղախնի վերջին խոսքերը փոքր-ինչ մխիթարեցին տիկնոջը։ Իրավ, Սառան առավոտյան տեսավ հիվանդին, ասաց, շատ կարելի է որ այս գիշեր ուռուցքը ծակվի։ Այն ժամանակ թեև փոքր-ինչ արյուն և շարավ կգա բերանից, բայց դրանով վտանգը կանցնի, միայն պետք է իրան շուտ իմացում տալ, որ հարկավոր դարմանները գործ դնե։

Բայց ո՞վ էր այդ Սառան.— մեր նախածանոթ գինեվաճառ այրին, որ նախընթաց գիշերը իր տանը ընդունեց ծպտյալ հյուրերին.— տեր Ավետիքին սափրիչի կերպարանքով, Խորեն հայր սուրբին նրա աշակերտի կերպարանքով, Շահումյան Ստեփաննոս իշխանին հյուսնի կերպարանքով, իսկ Մելիք-Փարսադանի որդի Բալի